Տիգրանակերտ.

Հին հայկական, հելենիստական քաղաք է Լեռնային Ղարաբաղում, գտնվում է Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում, հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, որը նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։ Տիգրանակերտի տարածքում պեղումները շարունակվում են արդեն 6-րդ տարին։ 2011 թ. դրությամբ պեղված է քաղաքի տարածքի 7-8%-ը։

 

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

 

Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Արցախի բանակի կողմից։

 

Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005-ին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և Արքաների աղբյուր (Շահբուլաղ) կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։

 

2006-ին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։

 

Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։

 

Քաղաքի պեղումները կատարվում են ՀԳԱԱ Արցախի արշավախմբի կողմից, ֆինանսավորվում են ԼՂՀ կառավարության և «Երկիր» միության կողմից։

 

2010 թ մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը, որը այցելուներին ներկայացնում է 5-ամյա աշխատանքների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները։

 

2010 թ Տիգրանակերտի պեղումներն ընթանում են 3 հիմնական հատվածում։ Ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, բացվում է հյուսիսային պարսպապատը։ Երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվում են ժայռափոր համալիրները։ Եվ երրորդը, որը հիմնական տեղամասն է, բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ։ Արդեն իսկ գտնվել է 600 լիտր տարողությամբ անտիկ կարաս՝ վրան օձապատկեր:

 

Աշոտ Ասատրյան