Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները խորհրդարանում բավականին ակտիվացրել էին հատկապես ընդդիմադիր պատգամավորներին: Ճիշտ է՝ մի փոքր դժվար է մեր դեպքում ճշգրիտ սահմանել, թե ով է ընդդիմություն կամ դիմություն, կիսաընդդիմություն, այնուամենայնիվ աշխուժության առկայությունը փաստ էր:

 


Հատկապես հետաքրքիր էին Դավիթ Հարությունյան-Էլինար Վարդանյան, Դավիթ Հարությունյան-Զարուհի Փոստանջյան բլից-կրիգները: Հարությունյանն իր տարերքի մեջ էր՝ ոչ մի մեկնաբանություն իր կամ իր հայտարարությունների հետ կապված անպատասխան չէր թողում՝ ձեռքի հետ «կերցնում» իր «ախոյաններին» (Արագած Ախոյանի հետ չխառնել)՝ հիշեցնելով նրանց «անցյալները»:
Այս «թատրոնում» անհասկանալի էր միայն Նիկոլ Փաշինյանի դերը, ով չնայած թեմայի մեջ տեղավորվող հայտարարություններով «մխրճվեց» մրցամարտի, սակայն թեմայի կեսից «լեզուն փաթ» ընկավ ու սկսես լրիվ այլ խնդիրներից խոսել:

 


Վերջինս հայտարարեց, որ «Արթիկում 5 օր է' ջուրը տարել է տները, մինչև հիմա էդ մարդկանց օգնելու տեխնիկա չի մտել, վարչապետը գնաց, կաստըմ-շլվարով նկարվեց, հետ եկավ, հիմա եկեք 5 խմբակցություններով ընդունենք հայտարարություն. դոնոր կազմակերպություններ, եթե մեզ մի վարկ տաք, որ տրակտոր առնենք, կարող է Արթիկի փողոցները մաքրենք, իսկ եթե չտաք, դուք եք մեղավոր, բա տայիք փողը, որ մեր երկրում կարողանայինք շենք կառուցել, ընտրական համակարգ կառուցել»:

 

Նույնիսկ կառավարության հաղորդագրության մեջ է նշվում, որ գործադիրը պատրաստվում է փոխհատուցել հեղեղի արդյունքում տուժած արթիկցիներին, իսկ վարչապետի այցի ռեպորտաժներում պարզորոշ նկատելի է տեխնիկայի աշխատանքը: Թե ի՞նչն էր պատճառը, որ ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները Նիկոլը նման զավեշտի վերածեց երևի միայն Նիկոլը կիմանա, ուրիշ բան, որ ձեռքի հետ էլ վարչապետի փիառն արեց՝ բոլորին հիշեցնելով, որ մարդ կա ամբախ զամբախ խոսում է, մարդ էլ կա՝ գնացել է Արթիկ՝ իրավիճակին ծանոթանալու:
Այ այսպիսի հետաքրքիր դրվագներ խորհրդարանական առօրյայից: