Ստորև գրվածը կոնկրետ անձնավորված չէ, այլ երևույթի մասին է, իսկ պապիկը օրինակի կարգով է:
2015 թվական, օգոստոս' քաղաքացիները անհնազանդություն էին դրսևորում Անդրեաս Ղուկասյանին և երկու ակտիվիստներին բերման ենթարկելու կապակցությամբ և պահանջում էին նրանց ազատ արձակել: Մեկ էլ հանկարծ ոստիկանի նյարդերը տեղի տվեցին և նա հունից դուրս գալով հարվածեց տարեց մարդու: Համ մեղադրելու էր համ ոչ այդքան, քանզի իրոք կան «ակտիվիստներ», որոնք ուղղակիորեն ազդում են մարդու, ցույցերի դեպքում ոստիկանների կենտրոնական նյարդային համակարգի վրա: Հոգեպես կայուն է պետք լինել, որպեսզի հանդուրժել նման արարքները: Մյուս կողմից հայկական մենթալիտետը թույլ չի տալիս տարիքով մեծերի վրա ձեռք բարձրացնել և նմանատիպ շատ չընդունված արարքների դիմել: Սա չէ ասելունը, այլ այն, որ դեպքից հետո պապիկը ակամայից լրատվականների թեթև ձեռքով դարձավ համացանցի աստղ (նախքան դեպքը պապիկը, համենայնդեպս իմ տեսածով, ոչ մի ցույցի, միտինգի չի երևացել):

 

Գրեթե բոլոր լրատվականները արձագանքեցին, հետագայում ոստիկանը, ով հարվածել էր պապիկին ևս հարցազրույց տվեց, մի խոսքով «բազառ, վակզալ»: Պապիկին դեպքից հետո արդեն փողոցում էլ էին ճանաչում: Եվ այսօր, երբ ԱԺ-ի դիմաց ակտիվիստները ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի կնքման պայքարի շրջանակներում շշով հարվածել էին Բագրատյանին, ինձ մի շատ ծանոթ դեմք հայտնվեց տեսախցիկի օբյեկտիվում' նույն այն պապիկը, ում հարվածել էր ոստիկանը: Ակամայից մտածեցի ինչ «հզոր զենք» է լրատվությունը, մարդուն իր կամքից անկախ սարքեցին ակտիվիստ: Չեմ կարծում նախքան դեպքը պապիկը բան ու գործ չուներ, որ ամբողջ օրը ակտիվիստների հետ միասին այս կամ այն խնդրի դեմ պայքարի մասնակցեր, գոնե խոչընդոտ է պապիկի պատկառելի տարիքը, որ Աստված հեռու պահի հնարավոր է բազմաթիվ առողջական խնդիրների առաջ կկանգնացնի նրան: Բայց աստեղային ժամը եկել է և մի մեծ «լոնք» կատարելով խոչընդոտների վրայով, պապիկը շարունակում է զարգացնել 2015 թվականի «հաջողությունը»:

 

Երբեմն բողոքում ենք ակտիվիստներից, նրանց «գռանտակերներ» անվանում, բայց մոռանում ենք մի շատ պարզ իրողություն' ակտիվիստի կենսունակության հիմնական տարրերը հասարակությունն ու լրատվական կայքերն են:
Առակը ինչ կցուցանե' շատ երևույթներից բողոքում ենք մոռանալով, որ դրանց մենք ենք կյանք տվել:

 

Աշոտ Եսայան