Արցախի ազատագրումից երևի մի քանի տարի անց սկսվեց այն խոսակցությունները , որ իբր երկրի ղեկավարները որոշել են հանձնեն Արցախի մի քանի շրջաններ: Այս թեման ամեն տարի տարբեր մարդիկ գցում են ժողովրդի մեջ: Թեման մի ամիս պտտվում ու կորում է: Կորում է անորոշ ժամկետով, մինչև մեկը նորից հետ կբերի: Եթե գումարենք այսքան տարվա խոսակցությունները ու խոսենք թվերով, ապա իմ հաշվարկներով, եթե մենք այդքան անգամ հող հանձնած լինեինք ուրեմն ազերին հիմա Սիսիանը անցել էր ու Ջերմուկի խաչմերուկում նստած էր: Ամեն անգամ այդ տեղեկությունը շատ արագ սկսում է տարածվել, հավատացողները չեն փորձում ճշտել , թե ո՞վ է տարածել այդ տեղեկությունը , ինչի՞ համար է տարածել: Կարևորը իշխանությանը հայհոյելու առիթ է: Հետո ինչ , որ նման տեղեկություն տարածողների մեծ մասը նույնիսկ այդ հողերի տեղը քարտեզի վրա չեն իմանում, հետո ինչ , որ դրանց հավատացողները կյանքում այդ հողերի վրա ծառայություն իրականացնող զինվորներին չեն տեսել: Կարևորը ստատուս գրելու թեմա կա, երկրի ղեկավարներին հայհոյելու թեմա կա, բայց ՝ մեկ ամսվա դոզա է:

 


Ո՛չ Սերժը, ո՛չ Իլհամը, ո՛չ Վլադիմիրը և ոչ էլ Բարաքը այդ հողերը նվեր չեն տվել այս ժողովրդին, որ հետո որոշեն դրանց ճակատագիրը: Վայ, մենք խելոք չենք պահել , հեսա ձեռքներիցս կվերցնեն ու կտան ազերին, հետո ինքը խելոք չի պահի , կվերցնենք կտան վրացուն , հետո թուրքին , աֆրիկացուն, հետո չինացու ու ճապոնացու մեջ ախպերավարի կկիսեն:
Այդ հողերը հանձնելու համար նախ պետք է այդ հողի վրա կանգնած զինվորին ու սպային համոզեն, որ հողը հանձնելու ժամանակն է: Զինվորը կամ պետք է նահանջի, կամ զոհվի: Ապրիլյան պատերազմից հետո մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր զինվորը նահանջող չի, մեր զինվորը մնացող ու զոհվողա: Բայց զոհվելուց հետո այդ զինվորի վրեժը պետք է լուծվի, վրեժը կլուծեն զոհված զինվորի ընկերները, բայց չեն նահանջի, չեն փախնի: Մենք , որպես ՀՀ քաղաքացիներ իրավունք ունենք դժգոհելու երկրի նախագահի աթոռը զբաղեցնողից, երկրի ՊՆ-ից ու նախարարից, երկրի վարչապետից, ԱԺ նախագահից, որևէ նախարարի շոֆեռի աներձագից, բայց դիրք պահող զինվորի գլխից թռնենք ու համացանցով հողեր հանձնենք, վախից մեզ պատերով տանք , դրա իրավունքը չունենք:

 


Նույնիսկ ապրիլ ամսվա ամենթեժ պահերին, երբ քաղաքում ու համացանցում ժողովրդի մի մասը հաստատ վստահ էր , որ նոր եղեռն է իրականացվում , որ հեսա ազերը Երևան է հասնելու , դիրքում կանգնած զինվորը ժպտում էր՝ կարծես ոչ մի բան չէր եղել:Ախր դուք այդ զինվորների դեմքերը չեք տեսել, դուխը չեք զգացել, բայց իրենց փոխարեն արդեն ամեն ինչ որոշել եք:
Անկախ նրանից, թե վերևներում ինչ կորոշեն , ինչ կքննարկեն Արցախի հողի տերը դիրքում կանգնած զինվորն է: Հիշեք ապրիլ ամսին նրանց կատարած սխրանքները: Երբ զինվորը, կրակոցների տակ, մի քանի մետր գնում է , որ զոհված ընկերոջ դիակը հետ բերի, երբ 19-ամյա զինվորը, դիրքի հրամանատարի զոհվելուց հետո, իր վրա է վերցնում հրամանատարությունը, երբ զինվորը պատրաստ է հանուն այդ դիրքի կյանքը տալ , բայց հանկարծ մեկ մետր հետ չգնա, բա այդ զինվորը հող հանձնո՞ղ է, այդ զինվորը թույլ կտա՞ 5 շրջան թշնամուն հանձնեն:
Մեր զինվորները շատ գրագետ ու կարգին տղերք են: Շատ համեստ ու խելացի մարդիկ են, որ պատրաստ են կատարել ցանկացած հրաման, բացի «Նահանջ» հրամանից, եթե նույնիսկ անձամբ երկրի նախագահը գնա ու հրամայի/խնդրի/առաջարկի, միևնույնն է ՝ ձև չկա:

 

Աշոտ Ասատրյան