Մեր ամբողջ կյանքը պարփակված է սպասումների մեջ: Լույս աշխարհ ենք գալիս լացով ու ոչ ոք չի կարող ասել, թե ինչո՞ւ: Գուցե՞ լույս աշխարհ գալով սպասումները չեն արդարացվում, ո՞վ գիտի,,,
Անցնում են տարիներ:Մենք սկսում ենք գիտակցել աշխարհը և կյանքի իմաստը դառնում են սպասումները: Շատ ժամանակ մեզ հարցնում են, «Սպասումներդ արդարացվեցի՞ն»:

 

Մենք պատասխանում ենք Այո կամ Ոչ, լինում են դեպքեր երբ ուղղակի ասում ենք Չգիտեմ, բայց շատ ժամանակ, արտաքին աշխարհին ցանկանում ենք ցույց տալ, որ մենք ուժեղ ենք ու մեր սպասումները միշտ արդարանում են և ասում ենք. «Այո, արդարացվեցին», չնայած հոգիդ գոռում է Ոչ:
Վերջերս ընկերոջս փոքրիկի ծնունդն էր, որը նշում էինք մանկական սրճարաններից մեկում: Երեք տարեկան աղջնակին հարց ուղղեցին «Ի՞նչ ես ցանկանում դառնալ», պատասխանը կազմված էր մեկ բառից՝ Մամա, նույն հարցը ուղղեցին 5 տարեկան մի փոքրիկ տղայի, պատասխանը կրկին հստակ էր՝ պապա: Երևի թե միակ դեպքը, երբ վստահ կարող ես ասել, որ սպասումներդ արդարացվել են, դա այն պահն է, երբ զգում ես, որ կյանք ես պարգևել ինչ-որ մեկին: Այդ ինչ-որ մեկը քո նման լաց է լինում ու քո մոտ նոր սպասումներ են առաջանում:

 


Շատերն իրենց սպասումները արդարացված են համարում , երբ իրենց աղջկան լավ տղուն կամ լավ աղջկա հետ են ամուսնացնում, բայց, մերօրյա աշխարը տարբերվում է, մի քանի տասնամյակ առաջ գոյություն ունեցողից: Առաջ լավ աղջիկն ու լավ տղեն ուրիշ էին, հիմա լավ աղջիկն ու լավ տղեն, իրենց մեջ ներառում է, լավ մեքենա, տուն, փող՝ մի խոսքով առևտուր:
Ամենաճիշտ պատասխանը, դա այն է երբ ասում ես չգիտեմ, որովհետև չես էլ կարող իմանալ:Յուրաքանչյուր սպասումն ավարտվելուց սկսում է նորը: Գուցե մյուս կյանքում, երբ ժամանակ ունենաս ու վերլուծես այս աշխարհի կյանքը կարողանաս հստակ պատասխանել՝ արդարացվեցի՞ն սպասումները, թե՞ ոչ հարցին:
Իսկ Ձեր սպասումները արդարացվո՞ւմ են:

 

Էդգար Խաչատրյան