«Սանասարեան» վարժարանի ավարտական վկայագիրը... Ներկայացնենք մի բացառիկ մասունք Արևմտյան Հայաստանից' Էրզրումի (Կարին) «Սանասարեան» վարժարանի ութամյա կրթության ավարտական վկայագիրը (վկայականը), տրված 1904 թվականին աշակերտուհի Նվարդ Մադաթյանին: Վկայագիրը տպագրված է և լրացման համար անհրաժեշտ դաշտերը գրված են երեք լեզվով՝ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն:

 

Անշուշտ, այստեղ հետաքրքրություն են ներկայացնում դասավանդման բազմազան առարկաները, իսկ նրանք հետևյալն են. կրոն, եկեղեցական պատմություն, հայերեն աշխարհաբար, հայերեն գրաբար, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, բնապատմություն, բնաբանություն, տարրաբանություն, թվաբանություն և տոմարակալություն, գրահաշիվ, երկրաչափություն, գեղագրություն, գծագրություն, երաժշտություն ձայնական, երաժշտություն գործիական (դաշնամուր), մարմնամարզություն և այլ առարկաներ։ Վկայագիրը վավերացված է վարժարանի տնօրինության ստորագրություններով և կլոր կնիքով՝ այն նույնպես եռալեզու է: Ուշագրավ է, որ վկայագրի հայերեն տեքստում նշվում է Էրզրումի բնիկ հայկական անվանումը' Կարին:

 

Վարժարանը հիմնադրվել էր 1881-ին՝ հայտնի բարերար Մկրտիչ Սանասարյանի ֆինանսական օժանդակությամբ և Հայ առաքելական եկեղեցու Պոլսի թեմի առաջնորդ Մաղաքիա Օրմանյանի օրհնությամբ: Վարժարանի սաները բացառապես հայեր էին, և կրթությունն այստեղ տարվում էր հայերենով, իսկ ուսուցիչները Մկրտիչ Սանասարյանի նպաստով եվրոպական բուհերում կրթություն ստացած անձինք էին: Վարժարանն ունեցել է լաբորատոր սարքավորումներ, գրադարան, հիվանդանոց, դեղատուն, փուռ, ներկատուն և թանգարան։ Կրթօջախն իրենից մի ամբողջական համալիր է ներկայացրել, օրինակ՝ արհեստագիտական բաժնում սովորել են կազմարարություն, ատաղձագործություն և գավառի պահանջները բավարարող այլևայլ արհեստներ։

 

1885-ին Մկրտիչ Սանասարյանը անձամբ է մեկնում Կարին, գոհանում արդյունքով և գրում է կտակ, որով իր ունեցվածքը կտակում է իր իսկ անունը կրող վարժարանին: 1899-1900 թթ. ուսումնական տարում կրթօջախը թուրքական պետության կողմից ճանաչվում է որպես բարձրագույն նախակրթարան և միջնակարգ վարժարան, ինչը հնարավորություն էր տալիս շրջանավարտներին առանց քննության ընդունվել Օսմանյան Թուրքիայում գործող պետական համալսարանները:

 

 

Ռուբեն Շուխյան