Հադրութի շրջան: Վարչական միավոր Արցախի Հանրապետության հարավ-արևելյան մասում։ Վարչական կենտրոնը Հադրութ քաղաքն է։


Այս շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է (2480 մ)։ Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է։


Հադրութի շրջանը զբաղեցնում է ԼՂՀ հարավ-արևելյան մասը։ Հյուսիսում շրջանը սահմանակցում է Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջաններին, արևմուտքում՝ Քաշաթաղին։ Հարավային սահմանն անցնում է Արաքս գետով, որը դարեր ի վեր անվանում են «հայկական մայր գետ»։ Արաքսով է անցնում նաև ԼՂՀ պետական սահմանը Իրանի Իսլամական հանրապետության հետ։ Հադրութի շրջանի արևելյան սահմանն էլ իր հերթին հանդիսանում է Ադրբեջանի հետ պետական սահման։ Հադրութի շրջանի ընդհանուր մակերեսը 1800 քառ. կմ-ից քիչ ավելի է։ Բնակչության թվաքանակը 12 000 մարդ է։ Շրջանի հարավային և հարավ-արևելյան մասերը համեմատաբար հարթավայրային են։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում ընկած են սաղարթախիտ անտառներով և ալպիական մարգագետիններով ծածկված լեռնային զանգվածներ։ Այստեղ է գտնվում նաև Ղարաբաղի բարձրագույն լեռնագագաթներից մեկը՝ Դիզափայտը։ Շրջանի տարածքով հոսում է Իշխանագետը, որը թափվում է Արաքս գետը։ Շրջանի կենտրոն Հադրութ քաղաքը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 75 կմ հեռավորության վրա։ XIX դարի վերջին ХХ դարի սկզբին Հադրութը Շուշիից հետո Ղարաբաղի նշանակությամբ երկրորդ բնակավայրն է հանդիսացել։ Հադրութի շրջանը, որը Հայաստանի պատմության մեջ հայտնի է Դիզակ անվամբ, արդարացիորեն համարվում է թանգարան բաց երկնքի տակ։ Շրջանը հայտնի է բազմաթիվ վանական համալիրներով, եկեղեցիներով, հինավուրց ամրոցներով ու բնակատեղիներով։ Պատահական չէ, որ հանրահայտ հայ դերասան Վ. Փափազյանը, լինելով Հադրութի շրջանում, արտահայտել է Ղարաբաղում թևավոր դարձածհետևյալ խոսքերը. «Եթե Ղարաբաղը ոսկե մատանի է, ապա Հադրութը այդ մատանու ադամանդն է»։

 

Շրջանի տարածքի զգալի մասը զբաղեցնում են թավ անտառները, որոնք հարուստ են բազմազան պտուղներով։ Իսկ Քիրսի լեռնաշղթայի Դիզափայտ լեռան լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են։ Լեռնային կտրտված մակերևույթի պատճառով դաշտավարության համար նպաստավոր հողատարածքներն ավելի քիչ են։ Այդ տեսակետից համեմատաբար նպաստավոր են Իշխանագետի ու նրա վտակների հովիտները։


Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7 °C է, բարձրադիր վայրերում -1 °C։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7 °C, հուլիսինը +23,6 °C։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700 մմ է։ Շրջանում կա քաղաքային 1 համայնք, գյուղական 28 համայնքներ, գյուղական 41 բնակավայր։ Գյուղական բնակավայրերից առավել նշանավոր են՝ Մեծ Թաղերը, Հին Թաղերը, Տողը, Տումին, Ազոխը, Դրախտիկը, Ուխտաձորը, Թաղոտը, Խծաբերդը, Առաքյալը։

 

Աշոտ Ասատրյան