Վերջին շրջանում հանրությունը բուռն քննարկում է պետական գերատեսչությունների օպտիմալացման և նախարարությունների աշխատակիցների կրճատման հարցը: Իսկ մամուլն ակտիվորեն հաշվում և հանրությանն է ներկայացնում, թե որ պաշտոնյան քանի տեղակալ ու խորհրդական ունի, ով երբ և ինչի համար է նշանակվել տվյալ պաշտոնին, և, ի վերջո, ի՞նչ սկզբունքով են կրճատելու պաշտոնյաներին:

 


Խոսակցություններն ավելի թեժացան, երբ որոշում կայացվեց Գյուղատնտեսության նախարարությունում կրճատել երեք փոխնախարարի հաստիք: Թեպետ իր շնորհակալական խոսքում նախարարը նշեց, որ երեք փոխնախարարներն էլ բարձրակարգ մասնագետներ են ու լավագույնս տիրապետում են իրենց աշխատանքին և կրճատման փաստը ոչ մի առնչություն չունի նրանց մասնագիտական կարողությունների հետ, սակայն հանրության մեկնաբանությունը բոլորովին այլ էր:

 


Պետք է նկատել, որ խնդիրն այստեղ ոչ այնքան գերատեսչություններում կատարվող կրճատումների անհրաժեշտությունը կամ հնարավորությունն է՝ պրոֆեսիոնալ տեսակետից, որքան դրանց մասին ուռճացված խոսակցություններն ու «վերլուծությունները»: Այսօր Հայաստանում կա 19 նախարարություն, գերատեսչությունների բնականոն գործունեությունն ապահովելու համար, նախարարներից բացի, այնտեղ պետք է աշխատեն նաև փոխնախարարներ, խորհրդականներ, գործավարուհիներ, վարորդներ: Պետք չէ ամեն ինչ հասցնել ծայրահեղության:

 

Տիգրանուհի Դավթյան