ՀՀ պետությունն անկախ պետություն է։ Այսպես թե այնպես ցանկացած երկիր միշտ մաս է կազմում որևէ միության․․․Եթե ՀՀ-ն եվրոպային մաս կազմեր, ապա նրա անկախությունն ավելի պակաս կլիներ, քան հիմա՝ երբ ՀՀ-ն մաս է կազմում գրեթե ձևական եվրասիական միությանը․․․ Եվրոպական միությունում ՀՀ-ն նման զինվածությամբ և կարգապահությամբ բանակով շատ ավելի ծանր վիճակում կհայտնվեր, քանզի եվրոպական միության կազմում լինելով նրա հարևանները չեն փոխվելու․․․ ԵՎրասիական միությունը հսկայական շուկա է, և այսօր բազմաթիվ ասիական երկրներ են փորձում մուտք գործել այնտեղ՝ իրենց արդյունաբերական ապրանքները այնտեղ վաճառելու նպատակով․․․

 

Ի տարբերություն եվրասիական շուկայի, ՀՀ-ն Եվրոպական երկրներում վաճառելու բան չունի։ ՀՀ-ն կարող է հպարտանալ իր արտադրանքի որակով Եվրասիական շուկայում, թեև եթե այնտեղ մուտք գործեցին ասիական մի շարք զարգացած երկրներ, այս շուկան էլ ՀՀ-ի համար կդառնա աննվաճելի․․․ Բացի այդ, Եվրոպային զարգացած երկրներ պետք չեն։ ԵՎրոպային նոր երկրները պետք են որպես շուկա, որտեղ նա իրացնում է իր արդյունաբերության որակյալ արտադրանքը․․․ Մի խոսքով, եթե չնչին իսկ հնարավորություն կա տնտեսապես զարգանալու, ապա այն կարելի է իրականացնել միայն այս շուկայում, այն էլ մոտակա երկու-երեք տարիների ընթացքում․․․ Մի չորս տարի անց արդեն ուշ կլինի։ ՀՀ պետությունը բաց կթողնի տնտեսապես զարգանալու վերջին հնարավորությունը․․․

 

Ինչևէ։ Իրականությանը գրեթե չեն համապատասխանում այն պնդումները, թե մեր կառավարությունների բոլոր բացթողումներն ու ձախողումները տարբեր բնագավառներում Ռուսաստանի պատճառով է կամ որ ՀՀ-ն Ռուսաստանի գաղութն է։ Նման պնդումները ձեռնտու են իշխանություններին, որոնց այդ բոլոր անհաջողությունների, արտագաղթի, ստվերային տնտեսության, բանակում տիրող անկարգապահության, կոռուպցիայի համար լուրջ արդարացում է պետք․․․ Սակայն զարմանալին այն է, որ հասարակությանն էլ է ձեռնտու նման պնդումները, արդարացնելու իր ծախվածությունը և անճարակությունը երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, չէ որ վերջիվերջո հենց հասարակության լայն զանգվածների միջոցով է կառավարվում պետությունը․․․

 

Արմեն Հարությունյան