Թուրքիայի Գազիայնթեփ նահանգում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների վարձատրության ժամանակացույց, որտեղ ներառված են եղել կառույցի 23 զինյալների աշխատավարձների վերաբերյալ տվյալներ: Ըստ այդմ՝ փաստաթղթում նշված աշխատավարձերի չափը տատանվում է 120-690 դոլարի սահմաններում: Նվազագույն՝ 120 դոլարով վարձատրվում են չամուսնացած զինյալներն, ամուսնացածներին հավելյալ վճարվում է ևս 120 դոլար կնոջ և 50 դոլար՝ երեխայի համար: Բացի նշվածից, առանձին գումար է հատկացվում նաև բնակարանի վարձավճարների, կենցաղային ծախսերը հոգալու համար:

 


Մինչդեռ, հատկապես վերջին շրջանում ԻՊ-ի առջև ծառացած տնտեսական խնդիրները բավական բարդ իրավիճակ են ստեղծել կառույցի համար, ինչն անդրադառնում է նաև ահաբեկչական կազմակերպության զինյալներին հատկացվող աշխատավարձերի վճարման գործընթացի վրա: Նշված խնդիրների առկայության որոշակի ցուցիչ է նաև օրերս Աբու Ասադ ալ-Ալմանի անունով ԻՊ-ի զինյալի կողմից Facebook սոցիալական ցանցում հրապարակված եզդի երիտասարդ աղջկա լուսանկարն ու կից գրառումն՝ «իրեն պատկանող առանձնահատուկ ստրկուհուն 8000 դոլարով վաճառելու մասին»: Ի դեպ, նման հայտարարությունը եզակի չէ, և առավել կողմնորոշիչ է այն հանգամանքը, որ հատկապես վերջին շրջանում երևույթը բավական պարբերական է դարձել, թեպետ նման գրառումները մշտապես հեռացվում են սոցիալական ցանցի աշխատակիցների կողմից:

 

 

Արմեն Պետրոսյան