Այսպես սկիզբ դրվեց հայոց պետականությանը... Ներկայացնենք մի բացառիկ արխիվային փաստաթուղթ՝ գրված Նիկոլ Աղբալյանի ձեռագրով: Այն ինչքան փոքր և աննկատ կարող է թվալ արտաքուստ, բայց նույնքան մեծ ու անգնահատելի է մեզ համար նրա խորհուրդը, քանզի անկախության գաղափարը և անկախ լինելու խորհուրդը՝ դա ցանկացած ազգի գոյատևման միակ գրավականն է համարվում, իսկ մեկ այլ տարբերակ երկիր մոլորակի վրա ԱԶԳ մնալու համար՝ քաղաքակրթության ողջ պատմությունը դեռևս չի հորինել:

 

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն հռչակագիր է ընդունում Հայաստանի անկախության վերաբերյալ, իսկ արդեն մայիսի 30-ին տարածվում է Հայոց ազգային խորհրդի ներկայացվող «Հայտարարություն»-ը մամուլի համար, որը գրել էր Նիկոլ Աղբալյանը.

 

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»։

 

Ռուբեն Շուխյան