Մի կերպ անկողնուց վեր կացա, փուլ եկա աշխատասեղանիս աթոռին ու գրեցի հետևյալը, որը և մտապահեցի ողջ կյանքիս ընթացքում.
Որո՞նք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը:
Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռ քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի:

 


Հասակս ինչ որ է, այն է՝ 1մ 64սմ, նույնպես անհնար է ուղղել: Ռետինե հաստ ներբաններով կոշիկներ չեմ կարող հագնել: Միակ փորձը, որ արեցի մի քանի սանտիմետր շահելու համար, խայտառակ վախճան ունեցավ. Միացյալ Նահանգների իմպրեսարիոները կարծում էին, որ երկու ոտքից էլ կաղ եմ: Մի լուծում կա միայն՝ եղածով յոլա գնալ ու մոռացնել տալ այդ պակասությունը:
Շարժումներս կարճահասակ մարդու շարժումներ են՝ կարճ, չոր ու կտրուկ: Այսուհետև պետք է աշխատեմ կլորացնել շարժումներս ու դանդաղ քայլել: Ինձ խանգարող կոմպլեքսից ազատվելու համար 1մ 64սմ - ից բարձր դռնով անցնելիս անգամ պիտի կռանամ այնպես, ինչպես բարձրահասակները:
Կրթությանս պակասը. Մեծ դժվարությամբ ձեռք եմ բերել յոթամյա կրթության վկայականը, ոչինչ մենակ չեմ սովորել: Սովորում են միայն ուրիշներին լսելով:

 


Ճշմարտախոսությունս. անուղղելի եմ. անարդարության հանդիպելիս ոռնում եմ: Ուզածդ մարդուն գրողի ծոցն եմ ուղարկում, երբ ցանկություն է առաջանում:
Անհատականության պակասը. Ինձ նկատել տալու համար էքսցենտրիկ եմ հագնվում: Նկատում են, բայց ժպտում:
Թուլակազմ, երկչոտ, վախվորած երեխայից, ինչպիսին ծնվել եմ, պետք է դառնամ ուժեղ մարդ՝ միևնույն ժամանակ պահպանելով բարոյական նորմերը, որ ծնողներս են ներարկել՝ լինել զգայուն և արտասվելու ընդունակ:
Պետք է հրաժարվեմ ներկայից ու նայեմ դեպի ապագան՝ առանց ժխտելու անցյալը: Իմ բազան ողջ ֆրանսիական երգն է, արմատներս՝ համաշխարհային ֆոլկլորն ու արևելյան պոեզիան, հատկապես հայկականը:
Գրիչս ցած դրի ու նորից կարդացի բանաձևս. ճիշտ էր և անկեղծ: Պիտի պայքարեմ այս բոլորի դեմ, դա շատ ժամանակ կխլի ինձանից: Ստիպված պիտի լինեմ խնամքով հետևել ինձ: Բայց պիտի փոխվեմ. այդպես եմ ուզում:

 

 

Սիրարփի Մարգարյան