Ոչ տրամաբանության, ոչ էլ ողջախոհության սահմաններում չի տեղավորվում ՀՀ իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք գործունեության շարժառիթները․․․ Նրանք գիտեն, որ հասարակության վաթսուն տոկոսից ավելին իրենց իսկ ստեղծած կուսակցությունների միջոցով իրենց վերահսկողության տակ է, ուրեմն ոչ մի սասանում, ոչ մի ոտնձգություն չի կարող լինել իրենց նկատմամբ։ Եվ այս փաստը, այլ խոսքով՝ անպատժելիության անհնարինությունը, բավական է նրանց համար․․․

 

Բայց այդ փաստն այսօր խոսում է այն մասին, որ մեր երկրի, մեր պետության համար առաջին թշնամին կուսակցություններն են, որոնք կատարում են կամ իշխանությունների կամ արտասահմանյան հետախուզական ծառայությունների կամքը․․․ ԵՎ սա ճշմարիտ է, քանզի ցանկացած կուսակցական ղեկավարի կամ անհատի մտահոգությունը ոչ թե իր երկրի, իր հայրենիքի ներկան ու ապագան է, այլ իր անձնական կարիերան, իր անձնական շահերը, իր անձնական բարեկեցությունը, որի համար էլ նա դարձել է կուսակցական։ Կուսակցական մարդը կատարում է իր ղեկավարի հրահանգները, որոնք միտված են միակ նպատակին՝ իշխանության նվաճմանը․․․

 

Եթե մեր հասարակությունը, մեր երկրի քաղաքացիներն իսկապես ցանկանում են մի լավ բան անել հայրենիքի համար, կամ համախմբվել հայրենիքի շուրջը, ինչպես 88-ին, երբ չկար ոչ մի կուսակցություն, և որն էլ միակ պատճառն էր այդ տարիների միասնության, ապա նրանք անմիջապես, առանց չնչին իսկ երկմտանքի, դուրս կգան այդ կուսակցություններից․․․ Եվ միայն այդ ժամանակ իշխանությունները կզգան, որ կորցնում են ոտքի տակի հողը և կփորձեն սիրաշահել ժողովրդին․․․ Երբ կուսակցականը խոսում է հայրենիքի, հասարակության բարեկեցությունից և լավագույն ապագայից, նա նկատի ունի իր բարեկեցությունը, իր լավագույն ապագան․․․ Երկրում չի կարող լինել չնչին իսկ առաջընթաց, եթե հասարակության վաթսուն տոկոսից ավելին կուսակցական կամակատարներ են, որոնք ուղղորդվում են միևնույն կետից․․․

 

Արմեն Հարությունյան