«Ադրբեջանը քանդվելու է» հայտարարությունների համատեքստում կա լրջության կամ ավելի ճիշտ անլրջության մի կարևոր չափորոշիչ՝ «միևնույն է» կամ «շուտով» ձևերով նշված արտահայտության համեմումը:
Ո՛չ, Ադրբեջանի քանդվելը համապատասխան աշխատանքի դեպքում ամենևին էլ անհավանական բան չէ, բայց այս «միևնույն է»-ն կամ «շուտով»-ը զգալիորեն, եթե ոչ ամբողջությամբ անլրջացնում են խնդիրն, այն ակնհայտորեն տեղափոխում իրապաշտության տիրույթի լուսանցք՝ նաև մեր հասարակության լայն շերտերի մեջ ձևավորելով կեղծ սպասումներ և նպաստելով մեր անուղղակի անգործությանը:

 


Ասվածն ապացուցելու համար վերցնենք, դիցուք, հենց անհատի հոգեբանական մակարդակը. եթե մեկը պնդում է, որ միևնույն է կամ շուտով որևէ անպիտան շինություն քանդվելու է, ապա գրեթե ազդակ չի մնում վերցնելու լինգը և նպատակաուղղված աշխատելու դրա քանդման ուղղությամբ:

 


Հետևաբար, ինչքան էլ տարօրինակ թվա, պարադոքսի կանոններով «միևնույն է» կամ «շուտով» ասելն, ըստ էության, նպաստում է ոչ թե Ադրբեջանի քանդմանն, այլ բոլորովին հակառակ գործընթացին:

 

Վարդան Ոսկանյան