Սիրիական ընդդիմադիր որոշ աղբյուների հաղորդմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը 3 կողմից շրջափակել է Պալմիրան՝ կտրելով վերջինի և Հոմս քաղաքի միջև կապը: Իրավիճակը հատկապես լարված է կառավարական ուժերի համար ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Թայֆուր ռազմական օդանավակայանի շրջանում: Փաստորեն մարտի 27-ին սիրիական կառավարական ուժերի կողմից ռուսական օդուժի աջակցությամբ Պալմիրայի ազատագրումից հետո սա ԻՊ-ի ամենամասշտաբային գրոհն է. ըստ որոշ տեղեկությունների՝ իսլամականները գտնվում են քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա:

 


Վերոնշյալի համատեքստում, կարծես, առավել ճշմարտացի է դառնում այն տեսակետը, որ սիրիական բանակային ստորաբաժանումների կողմից Պալմիրայի ազատագրումը մեծամասամբ խորհրդանշական, քարոզչական նշանակության ռազմագործողություն էր, և դրա նպատակը ժամանակային ու իրավիճակային առումով սիրիական հակամարտության հանգուցալուծմանը նվիրված «Ժնև 3» բանակցային գործընթացի վրա ազդելն էր: Մինչդեռ վերջին մի քանի շաբաթների ընթացքում, երբ երկրի մի շարք շրջաններում լայն թափով կրկին ակտիվացել են ռազմական գործողությունները, կառավարական ուժերը ստիպված են իրենց ուշադրությունն ուղղել ռազմավարական տեսանկյունից շատ ավելի կարևոր շրջանների վրա:

 


Այսուհանդերձ, ակնհայտ է մի բան, որ Պալմիրայի շուրջ լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց մեծ հավանականությամբ պատկառելի ներգրավվածություն կարող է ունենալ նաև ռուսական կողմը՝ հատկապես հաշվի առնելով թեմայի կարևորությունը ռուսական քարոզչամեքենայի համար:

 

 

Արմեն Պետրոսյան