Վերջին տարիներին ռուսները մեծ աղմուկ են բարձրացնում արևելաեվրոպական երկրներում ֆաշիզմի դեմ հաղթանակում իրենց ունեցած դերին առնչվող հուշարձանների պղծման կապակցությամբ: Ռուսները շատ են խոսում նաև Հայրենական Մեծ Պատերազմի պատմության սրբագրման, այդ պատերազմում այս կամ այն պետության կամ ժողովրդի ունեցած դերի անհարկի ուռճացման անթույլատրելիության մասին:


Արդարությունն իրենց պետության գլխավոր հավատամք հայտարարած ռուսները, մեծ սթրես են ապրում, երբ իրենց դերն ուռճացնում են արևմուտքցիները և բոլորովին անտարբեր են, երբ նույն բանն, ավելի մեծ չափերով, արել և անում են իրենց ՛՛ստրատեգիական գործընկերները՛՛՝ ադրբեջանը, ղազախները, կիրգիզները, տաջիկները: Այսինքն, ինչպես ասում են, ՛՛սրանք իհարկե շանոդիներ են, սակայն ՛՛մեր՛՛ շանորդիներն են՛՛ և նրանց կարելի է: Ու արդյունքում ստացվում է, ու սրանք ու մենք, Հայերս, Հայրենական Մեծ Պատերազմում հավասար դերակատարում ենք ունեցել, նույն լուման ենք ներդրել:


Պատերազմի մասնակից յուրաքանչյուր ժողովուրդ, իհարկե, իրավունք ունի խոսել պատերազմում իր սխրանքների ու տարած հաղթանակների, իր հերոսների մասին, սակայն ՄԻԱՅՆ ԻՐ ՈՒՆԵՑԱԾ ՆԵՐԴՐՄԱՆ ՉԱՓՈՎ և ոչ ավելի: Այստեղ բարոյականության խնդիր կա, և հետին թվով ամեն մեկի «սեփական հերոսական պատմության կերտման» փորձերն, իհարկե, անթույլատրելի են:
Ճշմարտությունը ծնվում է համեմատության մեջ: Ուրեմն փորձենք մեզ համեմատել մնացածի հետ:
Յուրաքանչյուր պատերազմ ունի իր չոր վիճակագրությունը, և անգամ պատերազմից 71 կամ 571 տարի անց էլ այդ վիճակագրությունն է որոշելու, թե ով ինչ արժե, և ով ինչ չափով իրավունք ունի խոսել պատերազմում ունեցած իր դերի մասին:Այդ չոր վիճակագրությունն է որոշում, թե ով է ազնիվ, և ով՝ կեղծարար, ով է արդար, և ով՝ մեղավոր, ով է արժանի փառաբանման, և ով պարսավանքի, անգամ դատաստանի: Հակիրճ անդրադառնամ այդ վիճակագրությանը:


Հայերս ԽՍՀՄ հերոսների բացարձակ թվով (ունեցել ենք 108 հերոս, որոնցից երկուսը՝ կրկնակի) պատերազմի մասնակիցների մեջ հինգերորդն ենք, իսկ բնակչության թվի համապատասխանությամբ, ռուսներից, ուկրաինացիներից և բելոռուսներից հետո չորրորդը: Այն ժամանակվա բնակչության թվաքանակով (հայեր- 2.152.860) 19.000 հային ընկնում է 1 հերոս: Համեմատության համար. Վրացիները ունեն 90 հերոս, այսինքն, 24900 բնակչին 1 հերոս, ղազախ՝ համապատասխանաբար 96, 32300, ուզբեկ՝ 67, 72300, ղրղզ՝ 12, 73700, տաջիկ՝ 15, 82000, Ադրբեջան՝ 43, 52900-ին մեկ հերոս, Ղարաբաղ՝ 24 հերոս, այսինքն 6000 ղարաբաղցուն ընկնում է 1 ԽՍՀՄ հերոս: Այս վիճակագրությունից երևում է, որ գոնե հարավկովկասյան և առավել ևս միջինասիական տարածաշրջանների ժողովուրդների մեջ պատերազմական սխրանքներից ու հաղթանակներից ավելի շատ մե՛նք իրավունք ունենք խոսելու կամ ավելի ճիշտ, եթե մենք խոսում ենք, ապա մնացածը համեստորեն պիտի լռեն: Իրականում ունենք ճիշտ հակառակ պատկերը: Մեզանից ավելի, Հաղթանակից խոսում են ադրբեջանը, ղազախները, տաջիկներն ու ղրղզները: Սակայն գուցե կա մեկ այլ չափորոշիչ… Գուցե պատերազմին մասնակցած իրենց բարձրագույն զորահրամանատարների քանակն է նրանց թույլ տալիս այսպես բարձրաձայն խոսել պատերազմում իրենց ունեցած դերի մասին: Ի վերջո, գեներալներն են թրծում հաղթանակները:
1941-1945թթ.. Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից հայ մարշալ, գեներալ, ծովակալների ընդհանուր թիվը, ում այդ կոչումները շնորհվել են պատերազմի կամ հետպատերազմյան տարիներին, կազմում է 162, որոնց թվում 4 մարշալ, 1 ծովակալ, 9 փոխծովակալ: Նրանցից 68-ը այդ կոչումները ստացել են կա՛մ պատերազմից առաջ, կա՛մ պատերազմի տարիներին:
Ադրբեջանի տարածքից պատերազմին մասնակցած երկու գեներալ կա՝ Ազի Ասլանովը և Մահմուդ Աբիլովը: Այս մարդիկ, իսկապես, արի հրամանատարներ են եղել, սակայն նրանք այնքան են ադրբեջանցի որքան, ասենք պարսիկ բանաստեղծ Նիզամին: Ազի Ասլանովն ազգությամբ թալիշ է, իսկ Աբիլովը՝ լեզգին: Բայց լավ, թող ադրբեջանցի կոչվեն: Համեմատելու բան չէ. 162:2.
Վիճակն ավելի ծանր է միջինասիական հանրապետություններում: Ողջ տարածաշրջանում կա պատերազմի մասնակից ընդամենը մեկ գեներալ մայոր՝ Սաբիր Ռահիմովը, ով, լինելով էթնիկ ղազախ, ծնվել է Տաշքենդում: Սաբիր Ռահիմովի անունով է՛լ պողոտաներ, է՛լ մետրոյի կայարաններ, է՛լ արձաններ… Մինչև որ նրա պատճառով այս երկու երկրների ղեկավարները չգժտվեցին: Ղազախներն «ապացուցեցին» նրա ղազախ լինելը, և Ուզբեկստանի նախագահ Քարիմովը իր երկրի պատմությունից սրբեց Ռահիմովի հետ կապված ամեն մի հուշ… Ղազախների պահով ես մի փոքր գույները խտացրեցի: Ղազախները Ռահիմովից բացի ունեն ևս մեկ գեներալ՝ Սաղադաթ Նուրմաղամբեկովը, ով սակայն պատերազմն ավարտել է զուտ մայորի կոչումով: Վերջ:


Հիմա ասեք՝ ինչը ինչի հետ համեմատենք… 162 հայ գեներալը երկու «ադրբեջանցի» ու ողջ միջինասիական տարածաշրջանից մի ղազախի հե՞տ համեմատենք: Այստեղ են ասում. ՛՛Համեմատում եք, որ ի՞նչ անեք՛՛:


Հիմա, եթե խոսվում է պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի մասին, առանց նշելու այդ հաղթանակում յուրաքանչյուրի ունեցած դերի մասին, ես կհամարեմ, որ հայությանն ուզում են վիրավորել…

 

Արտաշես Փափազյան