Վանի հերոսամարտից մինչև Արցախ... Լուսանկարում Վանի հայ դիրքապահներն են՝ ուղիղ 101 տարի առաջ այս օրերին: Վանի 1915 թվականի հերոսամարտի և Արցախի ներկայիս պատերազմական դիմակայության նմանություններն ակնհայտ են: Հիմա այն պատմական պահն է, որ միայն զենքով պետք է Արցախը ապացուցի իր ազատ ապրելու իրավունքը՝ ինչպես մեզ են պատգամում այս արխիվային լուսանկարից Վանի պաշտպանները:

 

 

Վանում կռվեցինք ու հաղթեցինք զենքը ձեռքին՝ ողջ Վասպուրական աշխարհն էր ոտի ելել ինքնապաշտպանական կռիվների: Քիչ հայտնի փաստ է, որ առաջինը Վան է մտել Դրոյի հայկական կամավորական ջոկատը: Դրոն նոր էր ապաքինվել ծանր վիրավորվելուց հետո, և նրա բացառիկ հերոսության շնորհիվ էր, որ իր ջոկատը կարողացավ առաջինը հասնել պաշարված Վան: Ռուսական հրամանատարությունը չկարողացավ խոչընդոտել Դրոյի ջոկատի այդ անսպասելի գիշերային առաջխաղացմանը: Երբ Վանի ճեղքումը կայացած փաստ է դառնում՝ այն ժամանակ արդեն առաջանում է նաև կանոնավոր ռուսական զորքը:

 

 

Այսօր Արցախը չպետք է հույսը դնի խաղաղապահների տեղակայման վրա՝ դա կարող է կործանարար լինել: Հիշենք 1915-ի հուլիսյան ցավալի ետնահանջը Վանից, երբ ռուսական զորքը անսպասելի և չպատճառաբանված կերպով վճռում է լքել Վանը: Վանի նահանգապետ Արամ Մանուկյանը ռուսական զորքերի գեներալ Նիկոլաևին հետևյալ գրությունը ուղարկեց՝ դա հայտնի պատմական փաստաթուղթ է. «Մեզ անհայտ ռազմագիտական պատճառով լսում ենք, որ ռուս զորքը պիտի նահանջի: Մենք, որոշած լինելով մնալ, խնդրում ենք. 1. մեզ թողնել բավական ռազմամթերք, 2. մեզ թողնել այն զենքը, որ դուք հնարավորություն չպիտի ունենաք տեղափոխելու, 3. ձեր մթերանոցները, որոնք փոխադրելու հնարավորություն չունենաք, չփչացնեք»: Բայց, ավաղ, գեներալ Նիկոլաևը, կատարելով իր գերագույն հրամանատարության կարգադրությունը՝ հրաժարվում է այդ բոլոր 3 կետերը իրականացնել: Փաստենք, որ եթե այդ վճռորոշ պահին վանեցիներն ունենային բավականաչափ զենք ու զինամթերք՝ հիմա թերևս պատմական իրողությունը տարածաշրջանում հաստատ ուրիշ էր լինելու և միանշանակ՝ մեր օգտին:

 

Ռուբեն Շուխյան