ԽՍՀՄ հանցագործություններից...
1941թ. հունվարին Կրեմլի կողմից Մերձբալթյան տարածաշրջանում տեղի ժողովուրդների աքսորի կազմակերպման վերաբերյալ հրամանագրեր ստորագրվեց: 1941թ.հունիսի 14-15 գիշերը 15.5 հազար լատվիացիներ, որոնցից 2.5 հազարը երեխա էր, ձերբակալվեցին և ուղարկվեցին խորհրդային համակենտրոնացման ճամբարներ: Լատվիացի տղամարդկանց տանում էին «Գուլագներ», իսկ կանանց և երեխաներին՝ այլ համակենտրոնացման ճամբարներ:

 

Լատվիայում հաջորդ զանգվածային աքսորը տեղի ունեցավ 1949թվականին, երբ երկրից շուրջ 43 հազար մարդ աքսորվեց: Նրանց բոլորին կրկին աքսորեցին Սիբիր՝ «Գուլագներ»: Աքսորի հիմքը 1949թ. հունվարի 29-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից ընդունված գաղտնի որոշումն էր: Գործողությունը սկսվեց մարտի 24-ի գիշերը: Մարտի 24-28 ընկած ժամանակահատվածում շուրջ 43 հազար մարդ Օմսկի, Կրասնոյարսկի, Տոմսկի և Նովոսիբիրսկի «Գուլագներ» աքսորվեց: Օգտագործելով աքսորի հետևանքով լատվիացի բնակչության սարսափելի կորուստները և առաջացած դեմոգրաֆիական լրջագույն ճգնաժամը, սովետական օկուպացիոն ռեժիմը սկսեց տիպիկ գաղութացման քաղաքականություն վարել:

 

Դա նպաստեց սեփական երկրում լատվիացիների քանակի կրճատմանը և մշակութային ռուսաֆիկացմանը: Աքսորված լատվիացիների փոխարեն Ռուսաստանից գնացքի էշելոններով ռուսների էին բերում: 1946թ. սկսած այդ երկիր տասնյակ հազարավոր ռուսներ էին բերվել: Ընդհանուր առմամբ մինչ 1991թ. Լատվիայում ապրում էր 850 հազար ոչ լատվիացի ռուսախոս բնակչություն: Դրա գումարած երկրում առկա էր 50 հազարանոց սովետական զորամիավորում: Այս ամենի արդյունքում լատվիացիների քանակը իրենց սեփական երկրում կազմում էր 52%:

 

Դավիթ Ֆիդանյան