ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (2 մայիս 2016թ.)
Ե՛ս եմ իսկական հովիվը։ Իսկական հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար. մինչ վարձկանը, որ հովիվ չէ, և որին չեն պատկանում ոչխարները, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին և փախչում՝ թողնելով, որ գայլը հափշտակի և ցրի ոչխարներին, որովհետև վարձկանը չի մտահոգվում ոչխարների վիճակով։ Ե՛ս եմ իսկական հովիվը։ Ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում, ինչպես որ Հայրն է ճանաչում ինձ, և ես՝ Հորը։ Ես իմ կյանքն եմ տալիս իմ ոչխարների համար։
(Հովհաննեսի ավետարան 10:11-15)

 


Որդյակնե՛ր իմ, թող ոչ ոք ձեզ չխաբի։ Ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ Քրիստոսն ի՛նքը արդար է։ Իսկ ով մեղք է գործում, Սատանայի հետևորդ է, որովհետև Սատանան հենց սկզբից մեղք է գործում։ Եվ Աստծու Որդին աշխարհ եկավ, որպեսզի վերջ դնի Սատանայի գործունեությանը։
Ով Աստծու զավակ է դարձել, նա մեղք չի գործում, որովհետև հաղորդակից է մնում Աստծու կյանքին։ Նա այլևս դադարում է մեղանչելուց, քանի որ Աստծու զավակ է դառնում։ Ահա այսպե՛ս են զանազանվում Աստծու որդիներն ու Սատանայի որդիները։ Ով արդարություն չի գործում, Աստծու որդին չէ. ով չի սիրում իր եղբորը, նույնպես Աստծու որդին չէ։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 3:7-10)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան