Հայը միշտ էլ, բոլոր ժամանակներում' զենքը ձեռքին պայքարող ժողովուրդ է եղել, բայց տասնամյակների ընթացքում մեր մեջ սերմանվել էր «զոհի» թերարժեքության բարդույթը, որը վերջապես հնարավոր եղավ կոտրել 1990-ականների սկզբին' արցախյան պատերազմում տարած հաղթանակով: Այս նկարում' հայ ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկն է' Հեղինե Չաուշը (նույն ինքը' Եղսոն), հերոս ֆիդայապետ Գևորգ Չաուշի կինը: 2014-ին համացանցում տեղեկատվություն հայտնվեց, որ դեռևս 2005 թվականին Այնթապում՝ նախկինում հայերին պատկանող տանը վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել էր այս հին լուսանկարը, որտեղ պատկերված է սևազգեստ մի կին: Փամփշտակալներով խաչկապված կնոջ աջ ձեռքին մաուզեր ատրճանակ է, իսկ ձախ ձեռքին՝ հրացան:

 


Նկարի ներքևի ձախ կողմում լուսանկարչատան անվանումն է' «Մ. Հ. Հալլաճեան», աջ կողմում տեղանունը' «Այնթապ, Փոքր Ասիա»: Այնթապ այցելած հայ ուխտավորներն են կարողացել թարգմանել բացիկի դարձերեսին գրված հայերեն գրությունը, որից հետո Գևորգ Չաուշի այրու բացառիկ այս լուսանկարը փաստորեն հասանելի դարձավ լայն հանրությանը. «Հանգուցեալ հերոս Գէորգ Չաւուշի տիկին այրի Հեղինէ։ Մեր յիշատակի նուէրը աստ... տիար Յովհաննէս եւ տիկին Փիրանեան, 21 յուլիս 1910, ՀՅԴ, Այնթապ»։

 


Ներկայացնենք Գևորգ Չաուշի հայտնի խոսքը, ուղղված իր կնոջը՝ Եղսոյին. «Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակն ամենաթանկ նվերն է: Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում: Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփիր որտեղ էլ լինի: Իսկ եթե ստեղծվի վիճակ, երբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել»:

 

 

Ռուբեն Շուխյան