Կուլակաթափությունն ու էքսպրապրիացիան իհարկե լավ բաներ են, բայց պանացեա չեն մեր իրավիճակում։ Ինքս լինելով բավականին ռադիկալ հայացքների տեր մարդ, երբ բանը հասնում է թալանչիներին, այդուհանդերձ հասկանում եմ, որ հիմա շրջանառվող պահանջների զգալի մասը ավելի շատ պոպուլիզմի տարր են պարունակում, քան ռացիոնալության։
Դիցուք՝ կա ինչ որ մի թալանչի ու կոռումպացված չինովնիկ/գեներալ/օլիգարխ, ում գիտեն բոլորը և ում արած-չարածներին ծանոթ են բոլորը։ Ինքն ունի մի քանի միլիոն դոլարանոց տուն/տներ, մի 10 հատ մեքենա, մեկ էլ անհայտ քանակությամբ ակտիվներ ու հաշվեհամարներ։ Ո՞նց պետք է արվի կուլակաթափության պրոցեսսը, որքնո՞վ դա կլինի ի նպաստ պետությանը և ինչ արդյունավետությամբ կիրականացվի այդ գործընթացը։

 


Նկատեք, ես չեմ վիճարկում այն, որ դա պետք է անել վաղ թե ուշ, այլ քննարկում ենք մեխանիզմներն ու արդյունավետությունը և քննարկում ենք դա ոչ թե Կոմս Մոնտե Քրիստոյի իրականության պայմաններում, երբ Դանգլարին սովալլուկ անելով էին կուլակաթափ անում, այլ այն օրենսդրական-իրավական միջավայրում, որ մենք ունենք։
Քայլ 1
Հարուցվում է քրեական գործ տվյալ կերպարի նկատմամբ, որի շրջանականերում պետք է նախ պարզել այդ կերպարին պատկանող ունեցվածքն ու միջոցները, ապացուցել, որ դրանք հենց իրենն են, ապացուցել որ դրանք ապօրինի ճանապարհով են ձեռք բերվել ու իդեալում՝ գանձել այդ ամենը՝ հօգուտ պետության։ Սա կտևի ամիսներ, եթե իրականացվում է ոչ թե ռեպրեսիաների, այլ առկա իրավական պայմաններում։ Կարող է նույնիսկ տարիներ ձգվել։

 


Քայլ 2
Ենթադրենք, ամեն ինչ բարեհաջող ու հավուր պատշաճի արվեց, և ունեցվածքը բռնագանձված է։ Սակայն արի ու տես, որ ասենք մի 2 միլիոն դոլարանոց վիլլան ու/կամ գերթանկարժեք մեքենան լինելով թանկարժեք՝ ինքնին պիտանի չեն երկրի անվտանգությունն ավելացնելու համար։ Ասենք զենք գնելու համար, պետք են ոչ թե վիլլաներ ու մեքենաներ, այլ կոնկրետ քեշ փող։ Հետևաբար՝ պետությունը պետք է վաճառքի հանի այդ գույքը, որպեսզի վաճառքից ստացված գումարն ուղղի այդ նպատակներին։
Հիմա հարց, այդ ովքե՞ր են լինելու այդ հարուստ ու ազնիվ գործարարները, կամ էլ կազմակերպությունները, որոնք կարող են պարծենալ, որ իրենց հարստությունը կուտակել են արդար ճանապրհով ու դեռ մի բան էլ ուզում են հենց Հայաստանում վիլլա ձեռք բերել, կամ էլ՝ մեքենա։
Տափակ առաջարկ անեմ․ մի հատ մոտավոր ցուցակ կազմեք, թե ում պետք է կուլակաթափ անել, իսկ հետո մի հատ էլ մոտավոր ցուցակ կազմեք, թե ով կարող է իրեն թույլ տալ միլիոնավոր դոլարների արժեք ունեցող վիլլաներ ու թանկարժեք մեքենաներ գնել։ Երբ կազմեք ցուցակները՝ համեմատեք դրանք։ Ինչպես ասվում է ֆիլմերի տիտրերում․ «Բոլոր համընկնումները պատահականություն են»։ Բնականաբար, արտասահմանցիներն էլ իրենց շորերը չեն ճղելու՝ Հայաստանում գույք ու առավել ևս մեքենա գնելու համար․․․

 


Իսկ հիմա լուրջ։
Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են թալանել։
Բոլորս էլ գիտենք, որ թալանը հսկայական ծավալներ է կրել՝ անհատական մակարդակով և աստղաբաշխական՝ համարգային մակարդակով։
Բոլորս էլ հասկանում ենք, որ վաղ թե ուշ, պետք է այդ ամենի համար պատասխան տրվի։
Բոլորս էլ, սակայն, պետք է հասկանանք, որ դա երկու օրվա ու նույնիսկ երկու տարվա հարց չէ։
Իսկ բանակի ու պաշտպանունակության խնդիրները հրատապ հարցեր են։ Ինչպե՞ս պետք է լուծել դրանք․ կուլակաթափելո՞վ, թե՞ ընդհանուր պետական կառավարման համակարգն առողջացնելով, որը քննարկվող թեմայի համատեքստում ենթադրում է ոչ այնքան կուլակաթափություն, որքան հետագա թալանի ու ատկատային մեխանիզմների բացառում, հարկերի մուծում, պետական ռեսուրսների արդյունավետ ու թիրախային տնօրինում։
Ես կարծում եմ, որ ավելի տարբերակ 2։ Իսկ դո՞ւք։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան