Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին մեղադրել է կաշառակերության և ստախոսության համար: Այդ մասին Վրաստանի նախկին նախագահը գրել է Facebook-ի իր էջում:

 

 

«Մեկ անգամ չէ, որ նրան բռնացրել են կաշառակերության և ստախոսության մեջ, Յացենյուկի մնացորդն է ՆԳՆ նախարարը, շարունակում է խաղալ ազգային անվտանգության թեմայի հետ: Նա ստում է, երբ ասում է, թե նախագահն իմ խնդրանքով որոշում չի ընդունել Օդեսա Ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր մտցնելու մասին», - ասել է Սաակաշվիլին:

 

 

 

Նա հավելել է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ի ղեկավարությունից պաշտոնական ներողություն է սպասում:

 

 

Ապրիլի 27-ին Ավակովի խորհրդական Զորան Շկիրյակը հայտարարել է, որ Սաակաշվիլիի՝ Օդեսայում ոստիկանական լրացուցիչ ուժեր ներգրավելու մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

 

 

Սաակաշվիլին նշում է, որ լրացուցիչ ուժերն անհրաժեշտ են քաղաքում հասարակական կարգը պաշտպանելու համար: Օդեսայի նահանգապետն այդ հարցով դիմել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ նշելով, որ երկրում պետության փլուզման նշաններ է նկատում: