Բաքվի բռնապետի քարոզչամեքենան իր ունեցած բոլոր հնարավորություններով փորձում է առնվազն հասարակական մակարդակով անվստահության մթնոլորտ ստեղծել հայ-իրանական հարաբերություներում՝ դա անելով իրեն հասու բոլոր միջոցներով՝ ապատեղեկատվություն, տեղեկատվության ուռճացում, պարսկալեզու մեդիա տիրույթներում իբր իրանամետության դիրքերից հակահայկանության տարածում և այլն:
Չի բացառվում, որ դա արվում է նաև որոշ երրորդ ուժերի մասնակցությամբ և ուղղորդմամբ, որոնց ձեռնտու չէ հայ-իրանական հարաբերությունների գրեթե բոլոր ուղղություներում վերընթացով զարգացող այժմյան իրավիճակը:

 


Ընդ որում՝ որպես թիրախ ընտրված է թե՛ հայաստանյան և թե՛ իրանական՝ հիմնականում ատրպատականցի սովորական ընթերցողը, որը բնականաբար խորամուխ չէ ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ քարոզչական ազդեցության նրբություններում:
Այս համատեքստում չափազանց կարևոր է, որպեսզի և՛մեր, և՛ իրանական հասարակությունը տուրք չտա զանազան գրեթե անթաքույց թշնամական ազդեցություններին, քանզի ակնհայտ է, որ Հայաստանը և Իրանը միմյանց համար անփոխարինելի գործընկերներ են՝ պետություններ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը պայմանավորում է նաև մյուսի անվտանգության կարևորագույն բաղադրիչների անսասան բնույթը:

 

Վարդան Ոսկանյան