Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Օբնիսկ քաղաքի հայ համայնքի կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է նվիրաբերվել 6 «ՈւԱԶ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաներ:
Ավտոմեքենաներն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ ՊԲ-ի շտաբի պետ Կամո Վարդանյանին են հանձնել Օբնիսկի հայ համայնքի ներկայացուցիչ Նվեր Դանիելյանը և բարեգործական միջոցառման արցախյան ներկայացուցիչ Արայիկ Հակոբյանը:
Նվիրատվության կազմակերպիչներին և Օբնիսկի հայ համայնքին անձամբ շնորհակալություն է հայտնել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: «Ի դեմս սփյուռքի մեր հայրենակիցների Արցախը ամուր թիկունք ունի և չի ընկրկելու: Արցախի ժողովրդի անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում Օբնիսկի մեր հայրենակիցներին:»,-նշել է ԼՂՀ վարչապետը:

 


Արայիկ Հակոբյանը հայտնել է, որ ավտոմեքենաների նվիրատվության կազմակերպիչը Օբնիսկում բնակվող արցախցի Մհեր Գաբրիելյանն է, ով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին գտնվել է առաջնագծում և վերադառնալուց հետո տեղի հայ համայնքի ուժերով կազմակերպել է ավտոմեքենաների ավտոմեքենաների ձեռբքերման և նվիրատվության գործընթացը: Ա. Հակոբյանը նշել է, որ Օբնիսկի հայ համայնքի կողմից նմանատիպ աջակցություներն Արցախին շարունակական են լինելու:
ԼՂՀ ՊԲ-ի շտաբի պետ Կամո Վարդանյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Օբնիսկի հայ համայնքին, նշել է, որ սփյուռքահայության աջակցությունը մեծապես ոգևորում է առաջնագծում կանգնած հայ զինվորներին, ովքեր հաջողությամբ շարունակում են իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

 

Վրեժ Հովսեփյան