Պատերազմից հետո պետք է շատ բան փոխել... Պատերազմական թոհուբոհը ջրի երես հանեց նաև այն ողջ բացասական ու անընդունելի երևույթների շարանը, որի մասին այդքան խոսվում ու մատնանշվում էր այս տարիների ընթացքում: Հիմա բառացիորեն իրար հետևից ականատես ենք լինում պետական համակարգում տարաբնույթ կոռուպցիոն պատմությունների բացահայտմանը: Ի՞նչ է, պետք է դանակն անպայման ոսկորին հասներ, որ վերջապես բոլորը սթափվեին:

 


Ցավոք, մեր ազգային ենթագիտակցության մեջ արմատավորված է մի այնպիսի սխալ ու արատավոր կարծրատիպ, ըստ որի՝ պետական բարձր պաշտոնյան իր աշխատանքի ընթացքում «պարտադիր» պետք է, մեղմ ասաց, ոչ օրինական կերպով «փող աշխատի»: Սա թերևս այն բարոյահոգեբանական բարդույթն է, որն արմատավորվել է մեր մեջ պետականության բացակայության երկար հարյուրամյակների ընթացքում: Անվտանգ մնալու, ընտանիքները մի կերպ գոյատևելու ու իրենց օրվա հացը վաստակելու համար մեր նախնիները զարտուղի ճանապարհներով մշտապես կաշառել են օտարազգի չինովնիկներին՝ իր նպատակներին հասնելու համար, և այդ «սովորույթը» սահուն կերպով ներթափանցեց արդեն մեր երկրի պետական համակարգ: Մինչև հիմա մենք այդպես էլ չենք կարողանում հասկանալ ու ըմբռնել, որ պետական ծառայողը ընդամենը պետք է կատարի իրեն վերապահված աշխատանքային պարտականությունները, այլ ոչ թե «աչքը տնկի» պետական փողերի վրա:

 


Այդ չարաբաստիկ երևույթը մեր միջից անպայման պետք է դուրս մղվի՝ այս «ուտել-չկշտանալու» հոգեբանությամբ այլևս մենք կենսունակ երկիր չենք կարող կառուցել: Անգամ եթե խաղաղ պայմաններում դա գոնե արտաքուստ այդքան բացահայտ չի երևում, ապա պատերազմի մեջ գտնվող երկրի համար այդ պատկերը դառնում է արդեն ցցուն և առարկայական:

 

 

Ռուբեն Շուխյան