Արդեն 25 տարի է անցել, ինչ Սովետական Միության փլուզումից հետո նոր սահմանազատմամբ Հարավային Կովկասում առաջացել են առանձին պետական միավորներ' Հայաստանն ու Արցախը, ինչպես նաև' կովկասյան թաթարների վարչական միավոր հանդիսացող Ադրբեջանը: Եվ ահա արդեն 25 տարի է, ինչ Ադրբեջանը խեղաթյուրում է ամեն ինչ' այլակերպված ու ծուռ հայելիների մեջ ներկայացնելով մեր տարածաշրջանի ողջ պատմությունը: Բանը հասել է նրան, որ ներկայումս այդ նորաստեղծ երկիրը որպես իր քարոզչության «հիմնարար դրույթ» է ներկայացնում այն ցնդաբանությունը, թե իբր Հայաստանն ու Արցախը ստեղծվել են «ադրբեջանական հողերի» վրա: Եվ դա այն դեպքում, երբ ներկայիս սահմաններով Ադրբեջան անվանակոչված վարչական միավորը փաստացի ստեղծվել է ընդամենը Սովետական Միության օրոք' կովկասյան թաթարների քոչվոր ցեղախմբերի արոտավայրերը միավորելու բոլշևիկյան սկզբունքով:

 


Ցավոք, ադրբեջանական այդ զառանցանքի մեջ կա նաև մեր որոշակի մեղքի չափը, քանի որ այս 25 տարվա ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք հակադրել պատմական իրական փաստերի մեր ողջ առկա զինանանոցը: Դրա պատճառներից և հիմնական խանգարող հանգամանքներից էր նաև մեր ավանդական ռուսասիրությունը, երբ ուղղակի այս տարիներին չենք ցանկացել նեղացնել մեր «ռազմավարական դաշնակցին»: Բայց արի ու տես, որ այսօր արդեն պաշտոնական Ռուսաստանն է առանց մեր կարծիքը հարցնելու ձեռնամուխ եղել հայկական Արցախում, ըստ իրենց իսկ ձևակերպման, «գրավյալ տարածքները» հայերից անհապաղ ազատելու հայակործան գործընթացին: Այս առումով ճիշտ ժամանակն է, որ հիշենք վերջապես և ահազանգենք մեկ այլ բնիկ հայկական երկրամասի տխուր պատմությունը, որը մեր վերջին 25 տարիների ընթացքում պետք է որ դարձած լիներ ադրբեջանական այդ խեղաթյուրված քարողչությանn ուղղված մեր հիմնական հակափաստարկը:

 


Պատմական անբեկանելի փաստ է, որ հենց բոլշևիկ ռուսների գործադրած «ջանքերի» շնորհիվ Նախիջևանը անցավ Ադրբեջանին: 1920 թվականի հուլիսի վերջին էր, երբ Սովետական Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակը՝ քեմալական Թուրքիայի կանոնավոր զորքերի հետ համատեղ անցավ հարձակման Նախիջևանի ուղղությամբ: Այդ ժամանակ Հայաստանի Առաջին Հանրապետության անբաժան մասը կազմող բնիկ հայկական այդ երկրամասը ուխտադրույժ կերպով ռազմակալվեց, կտրվելով մայր հայրենիքից՝ Հայաստանից, իսկ հետագայում արդեն, 1921-ի ռուս-թուրքական «բարեկամական» ու հայատյաց պայմանագրի դրույթների հիման վրա՝ առանց որևէ հիմնավորման բռնակցվեց Ադրբեջանին: Եվ դա այն դեպքում, երբ Նախիջևանը բացարձակապես ոչ մի առնչություն չուներ այսպես կոչված Ադրբեջանի՝ ռուսների կողմից թուրք ջարդարարներին հաճոյանալու համար ստեղծված այդ նորաթուխ վարչական միավորի հետ:

 


Հարց է առաջանում. լավ, մինչև ե՞րբ ենք մենք այսպես ամոթխած կարգավիճակում լռելու ու չներկայացնելու պատմական այս իրական փաստերը: Կարծում եմ, եկել է արդեն և ասելու, և գործելու ժամանակը, և հասկանանք վերջապես, որ ենթարկվողները՝ պատմություն չեն կերտում:

 

 

Ռուբեն Շուխյան