Հաճախ ակամա մտաբերում եմ Բալզակի <<Շագրենի կաշին>>, կոշտ կաշվի մեծ կտորի սանսկրիտերեն գրված խոսքերը. <<Կամեցիր, և քո ցանկությունները կկատարվեն: Բայց ցանկություններդ համաչափիր կյանքիդ հետ: Նա այստեղ է, յուրաքանչյուր ցանկությունդ կատարելուց ես կպակասեմ ինչպես քո օրերը>>:
Բալզակի խոհափիլիսոփայական, կիսաֆանտաստիկ նովելի այս խոսքերը կարող են յուրաքանչյուրիս կյանքի պատմության մի զարմանալի դիպուկ, հուշող, զգուշացնող, ինչու չէ սթափեցնող բնաբան ծառայել:

 


Դանդաղ, սովորական, և մեկ էլ հախուռն, հանդուգն ցանկություններ և դրանց հաջորդող, սրընթաց նաև հաղթական զարգացումներ… Հետո փոշմանում ես, ցավում այդ ցանկություններից շատերի համար, համարում իզուր, սխալ, խենթություն, հիմարություն…Բայց հետո հիշում, որ դա է կյանքը, հիշում որ դու ապրել ես, ուրախացել և գուցե այդ <<հիմարությունն է>> քեզ երջանկություն պարգևել տվյալ պահին ու սքանչացրել…
Բայց մեկ է մեր կյանքն էլ, մեր օրերի շրջանակն է Բալզակի շագրենի կաշվի պես՝ մեր ցանկություններով, մեր ապրած կյանքով, անցած ճանապարհով գնալով սեղմվում, ցավոք օրեցոր աճող արագությամբ մոտենում է իր ավարտին, իր վախճանին, իր վերջաբանին…

 


Ու ցավոք գնում ենք այդ վերջաբանին հաճախ չգիտակցելով, չմտածելով, նաև չհամաչափելով մեր կյանքի, մեր հիմնական ծրագրերի հետ…Գնում ենք կլանված, մեզ պարուրած կրքերին, ցանկություններին, նպատակներին, ձգտումներին հագուրդ տալու, շատ դեպքերում տրորելով, ոչնչացնելով, ագահորեն այդ նպատակներին, ցանկություններին հասնելու ձգտումով: Մոռանալով, որ շագրենի կաշին՝ մեր կյանքը, պակասում է սեղմվում, վերջանում և ավարտվում…Բայց դա մեր կյանքն է արդեն, մեր անցած ուղին՝ լավ, թե վատ, բայց մերը…

 

Ռոբերտ Մելքոնյան