Առողջ քննադատությունը շարժիչ ուժ է, այն օգնում է ավելի լավ աշխատել, ավելի զգոն լինել, կատարելագործվել ցանկացած հարցում: Սակայն քննադատությունը պետք է լինի տեղին և պատեհ, նաև պատեհ մարդկանց կողմից: Ցավոք, շատ են դեպքերը, երբ “մեղադրանքները” արվում են սեփական անունը հնչեցնելու կամ որևէ այլ անհասկանալի միտումով:
Սովորություն չունեմ պատասխանելու ինձ ուղղված վայ-վելուծաբանների կամ ինքնահռչակ դիվանագետների “վերլուծություններին”, ասեմ ավելին՝ որևէ անգամ չի եղել, որ նման նյութը դառնա իմ ուշադրության առարկա: Բայց ամեն օրենք ունի իր բացառությունները, և այս անգամ որոշեցի մի քանի տող նվիրել օրերս կայքերից մեկում զետեղված և ինձ ուղղված խորհուրդների և “բացահայտումների” շարանին, և ոչ միայն դրան:
Բազմիցս ասել եմ և ասում եմ կրկին՝ արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը նման է հսկայական այսբերգի, որի միայն մեկ չնչին մասն է տեսանելի: Եվ շատերի սպասումները, որ ցանկացած քայլ պարտադիր պետք է լինի հանրության համար հասանելի, կներեք, լուրջ չէ: Այլապես սա կնշանակեր թշնամուն նվիրել ճանապարհային քարտեզ, նրա առջև բացել բոլոր խաղաքարերը: Պատերազմի մեջ գտնվող երկրի համար նման գործելաոճը, մեղմ ասած, ինքնահրկիզում է:

 


Հետաքրքիր է, ինչ է մտածել այս հոդվածի հեղինակը, երբ ԱԳՆ աշխատանքի գնահատման չափորոշիչ է ընտրել պաշտոնական կայքի թարմացումները: Արդյո՞ք փայլուն կայքն է մեր արտաքին քաղաքականության հաղթանակի գրավականը: Եթե այո, տեղեկացնեմ, որ աշխարհը այս պարագայում քիչ ավելի առաջ է գնացել, քան եր հեղինակի մտքի թռիչքն է, և 2016թվականի Թվային դիվանագիտության սանդղակում (Digital Diplomacy Review / Rating) 200 երկրների մեջ ԼՂՀ ԱԳՆ-ն 105րդն է, իսկ ՀՀ ԱԳՆ-ն 52-ը:

 

Համացանցում թարմացումներ փնտրող վերլուծաբանին խորհուրդ կտայի այցելել CNN-ի, RAI-ի, РБК-ի, Lifenews-ի և այլ երկրների հեղինակավոր լրատվականների կայքեր և գտնել իրեն հետաքրքրող թարմացումները: Երբ CNN-ը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հակառակ կարծիքը հարցնում է ԼՂՀ ԱԳ նախարարից, կարծում եմ, կայքում պատասխաններ փնտրելը, կներեք, բայց անհասկանալի է:
Գուցե չի պատկերացնում մեր վերլուծաբանը, թե ինչ է նշանակում պատերազմի, լայնածավալ ռազմական գործողությունների, վայրագությունների հետ զուգահեռ տարվող դիվանագիտական ճակատի աշխատանքը: Գուցե չի ուզում պատկերացնել: Եվ ինչ պատասխանեմ ես այս վերլուծությանը, որում կարմիր թելով անցնում է դիվանագիտական դրական արդյունքի տեսանելության բացակայությունը: Այն, որ մեզ հաջողվել է դրական արդյունքի հասնել բանակցային գործընթացում, փաստում է Ադրբեջանի ագրեսիան ռազմի դաշտում: Քանզի դիվանագիտական ճակատում նա տանուլ է տալիս:

 


Ուշադիր ընթերցեցի նաև ՀՀ ԱԳ նախարարի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները, դժգոհությունները, օրինակ, թե արտգործնախարարը Ադրբեջանական ագրեսիայի օրերին Հայաստանում չի եղել, ավելին՝ տաս օրով Փարիզ էր գնացել ընտանիքն տեսնելու.. Անգամ հետաքրքրությունից դրդված նայեցի ԱԳ նախարարության կայքը, և պարզվեց հետևյալ պատկերը։ Մարտի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Սիրիայից փախստականների հարցերին նվիրված նախարարական հանդիպմանը ելույթ ունենալուց հետո, արդեն ամսի 31-ից ապրիլի 2-ը Նալբանդյանը Վաշինգտոնում միացավ Նախագահին ուղեկցող պատվիրակությանը՝ միջուկային անվտանգության գագաթաժողովին։
Ապրիլին 3-ին արդեն Երևանում՝ ընդունում էր Իսրայելի Քնեսեթի պատվիրակությանը։ Ըստ նախարարության կայքի տեղեկատվության ապրիլի 2-4 Նալբանդյանը ինտենսիվ շփումների մեջ է եղել տարբեր երկրներից գործընկերների հետ՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։

 


Ամսի 5-ին նա Փարիզում էր, ուր հանդիպում էր Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին։ Հենց այդ հանիպումից հետո ՖՄԿ գլխավոր քարտուղարը հանդես եկավ ռազմական գործողությունները դատապարտող հայտարարությամբ։ Հիշեցնեմ, որ ՖՄԿ-ի անդամների մոտ կեսը Իսլամական պետություններ են, որոնք այս շաբաթ Ստամբուլում գագաթաժողով են գումարել։
Իսկ ամսի 5-7-ը նախարարը իրոք Երևանում չէր՝ Նախագահին ուղեկցում էր Գերմանիա պաշտոնական այցելության ժամանակ։ Ապրիլի 8-ին արդեն Մոսկվայում հանդպում էր Լավրովին ու Բորդյուժային, մասնավցում էր ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նսիտին։

 


Հաջորդ օրը՝ ամսի 9-ին Երևանում արդեն համանախագահների հետ էր ընդունում։ Ապրիլի 11-ին Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին էր Երևանում ներկայացնում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները։ Ամսի 13-ին՝ հարցազրույց էր տալիս Հանրային հեռուստաընկերությանը, հանդիպում Երևանում հավատրամգրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպաններին, ապա Արցախի արտգործնախարարին։ Նալբանդյանն այսօր արդեն Չինաստանում է…

 


Փասստորեն տաս օրվա մեջ մեր ԱԳ նախարարը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից 4-ի մայրաքաղաքում է եղել և կարևոր հանդիպումներ ունեցել։ Լավ չեմ պատկերացնում ԱԳ նախարարին քննադատողներից քանիսը կարող էին նման ինտեսնսիվությամբ, էլ չեմ ասում արդյունավետությամբ աշխատել։ Ու ինչով են զբաղված այդ դատարկախող քննադատները… Դրանք ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև, հուսով եմ չգիտակցելով, մեր շահերի դեմ են աշխատում։ Նաև ԱԳՆ-ից հետաքրքրվեցի, թե արդյոք Նալբանդյանի ընտանիքն իրոք Փարիզում է ապրում։ Տարակուսած զրուցակիցներս ասեցին, որ ոչ միայն ընտանինքի անդամ, ձևի համար՝ ազգական էլ չունի Ֆրանսիայում։
Մի փոքր երկար ստացվեց: Բայց հարցը խիստ կարևոր է: Մենք պետք է համախմբվենք ոչ միայն զինվորի շուրջ, այլև դիվանագետի: Քանզի “կոստյումներով” կռիվը ևս շատ բարդ է: Կրկնում եմ՝ այստեղ էլ է այդ նույն նենգ թշնամին, որ ունակ է ցանկացած անազնիվ քայլի:
Խաղաղություն մեր երկրին:

 

 

Նաիրա Կարապետյան