Ուրեմն՝ ինչ-որ Կարինե Գևորգյան, Մոսկվայում նստած, ամենայն լրջությամբ գրում է, որ «համաձայն հայկական կողմի հետախուզության և ԱԹՍ-ների տվյալների»' Նախիջևանում կուտակվել են «ԻՊ» զինյալներ և էլի ուրիշ «ահարկու» բաներ, որից Հայաստանում ապրողներս հավանաբար պետք է խիստ վախենանք:

 


Նախ՝ մի՞թե կարելի է այդքան անլուրջ լինել, պնդելու համար, թե Մոսկվայի որևէ ինստիտուտի որևէ վերլուծաբան իբր ստանում է մեր հետախուզության տվյալները և դրա հիման վրա «վերլուծություն» անում ռուսաստանյան մի կայքում, որտեղ մեկ այլ «մտքի գոհար» նյութ «աբստրակցիոնիզմի» լավագույն ավանդույթների ոգով վերնագրված է «Ղարաբաղը Սաուդյան Արաբիային տապալելու՝ Թուրքիայի առաջին քայլը դարձավ» և երկրորդը՝ հիշում եմ, մի ժամանակ էլ, ինչպես ասում են, նույն վայրից մեզ «սարսափեցնում» էին «Ջաբհաթ ալ-Նուսրայով» և արաբահունչ այլ անվանումներով:

 


Փորձված «վախեցնելիք» է, բայց ամբողջովին ոչ արդյունավետ, որովհետև տարօրինակ է, որ նաև հայկական անուն-ազգանունով անձինք այդպես էլ չկարողացան հասկանալ, թե Հայաստանն ավանդաբար նաև մերձավորարևելյան քաղաքակրթական ու մշակութային համայնապատկերի մի մասնիկն է, և մորուքավոր սևազգեստ արաբներն Արարատյան դաշտի հարավային կիսաանապատային հատվածում մեզ համար այդքան էլ սարսափելի «սատանաներ» չեն, ինչպիսին թվում են Մոսկվայի սպիտակ ձյան փաթիլների տակ՝ հատկապես, երբ մենք նրանց պարբերաբար տեսնում ենք դեռևս 7-րդ դարից:

 

Վարդան Ոսկանյան