Կարծում եմ, որ սահմանին խաղաղ վիճակը կրում է ժամանակավոր բնույթ, որովհետև այս ամենի հետևում կանգնած է մի հին ծրագիր: Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոսացիա» ՀԿ նախագահ՝ Խաչատուր Մարոզյանը, հավելելով, որ այս ամենը կարծես տեղավորվում է թուրանիստական գաղափարախոսության մեջ: «Այսօր նույնիսկ խոշոր խաղացողները՝ երկրները մատների արանքով են նայում այս ամենին և կարծես աչք են փակում Ադրբեջանի կողմից կատարվող գործողությունների վրա»:
Մարոզյանի պնդմամբ այս ամենի հետևում կանգնած են որոշ ուժեր և այս պայքարը դեռ երկար կտևի մինչև վերջնական լուծում չստանա:

 


«Սա միայն Հայաստանի կռիվը չի: Այսօր հայ զինվորը պայքարում է սահմանի վրա ավելի մեծ նպատակների, ավելի մեծ խնդիրների, ավելի մեծ գաղափարների համար, ինչը որ կարելի է ասել փնտրում են քաղաքակիրթ աշխարհում: Այսինքն՝ պայքար միջազգային տերորիզմի դեմ»,- ասաց Մարոզյանը, նշելով, որ կգա մի օր, երբ պատմությունն ինքը կպարտավորեցնի բոլորին, որ ամեն ինչ կոչվի իրենց անուններով:

 


Բանախոսը նաև նշեց, որ այսօր Ռուսաստանը շարժվում է որոշակի իներցիաներով. «Ինչո՞ւ է այսօր ՌԴ շարժվում որոշակի իներցիաներով: Սա զուտ հոգեբանական իներցիոն երևո՞ւյթ է, թե՞ նորից Ռուսաստանը որպես հին կայսերական Ռուսաստանի ժառանգորդ նույն միտումներով է շարունակում աճեցնել իր թշնամուն որպես մրցակից մի պետություն, որը որ հետագայում այնքան կաճի, որ կդառնա վտանգ իր իսկ նկատմամբ»:
Խաչատուր Մարոզյանի դիտարկմամբ, ամեն դեպքում հարցը պետք է տարածվի քաղաքական ամբիոններում, և մասնագիտական այդ շրջանակներում քննարկվեն նաև միջազգային հանրության մեջ:

 

 

Էմիլ Մարկոսյան