Վերջին 300 տարվա մեջ չկա դեպք, երբ մենք կարևորագույն հաղթանակներ ենք տարել թշնամու նկատմամբ կամ պետականություն ենք վերականգնել ռուսի օգնությամբ: Ընդհակառակը պատմությունը և այսօրվա իրավիճակը ցույց են տալիս, որ շատ դեպքերում ռուսները գործել և գործում են մեր դեմ: Օրինակ վերլուծելով պատմականորեն ռուսների իբր թե «փրկչի» դերը հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում և համադրելով փաստերը կարելի է հանգել, ընդամենը մի պարզ եզրակացության: Մենք հաղթել ենք թուրքերին, երբ հիմնվել ենք միայն սեփական ուժերի վրա և ռուսի օգնությանը չենք սպասել (Սարդարապատ, Զանգեզուր, Ղարաբաղ): Հակառակ պարագայում մենք միշտ տուժել ենք:

 

Բոլոր ռուս-թուրքական պատերազմների ժամանակ հայ ժողովուրդը եղել է ամենաշատ տուժված կողմը: Պատերազմների վերջնական արդյունքում մեր հողերի հաշվին եղել է առևտուր: Երբ ապավինել ենք ռուսների օգնությանը չենք ստացել մեր ակնկալած պետականությունը, այլ ընդհակառակը ռուսների կողմից օգտագործվելով, որպես թնդանոթի միս ստացել ենք կոտորածներ, Ցարիզմի գաղութային քաղաքականություն, Հայկական հարց, Համիդյան ջարդեր, 1915թ. ցեղասպանություն, Մոսկվայի և Կարսի պայմանագրեր: Ընդորում ցեղասպանությունների ժամանակ ռուսական կողմը ուղղակիորեն աջակցել է թուրքական կողմին հայերին կոտորելու հարցում, «Հայաստանն առանց հայերի» ծրագրի իրականացման շրջանակներում:

 

 

Դավիթ Ֆիդանյան