Ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Թալիշ գյուղի ռմբակոծության ընթացքում 104-ամյա Հայկա տատիկին կրակոցների ու ռմբակոծությունների տակ փրկել է նրա թոռը՝ Հայկը: Թալիշի 104-ամյա բնակչուհին այս պահին իր ընտանիքի հետ միասին Ստեփանակերտում է:

 

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայկա տատիկը պատմեց, թե ինչպես է իր թոռն իրեն գրկած դուրս բերել գյուղից այն պահին, երբ ադրբեջանական զինուժը գնդակոծում էր գյուղը: «Առավոտյան ժամը 09:00-ն էր, երբ արթանացա հարսիս ձայնից, ով գոռում էր՝ «շուտ արեք, դուրս եկեք, պատերազմ է սկսվել»: Մենք արագ հագնվեցինք, դուրս եկանք տանից ու նկուղ իջանք: Բայց զգում էինք, որ կրակոցներն աստիճանաբար մոտենում են: Լսեցի, որ ինչ-որ բան մեզ շատ մոտ պայթեց, գոռացի «աման մեզ սպանում են»: Այդ պահին ես նկուղում պատին հենված ն ստած էի»,- ընդգծեց նա:

 

 

Հայկա տատիկը պատմեց, որ այդ պահին իր թոռը՝ Հայկը, ընտանիքի անդամներին ասել է, որ հարկավոր է դուրս գալ նկուղից ու փոխչել: Սակայն քանի որ նրա 104-ամյա սիրելի տատիկի համար շարժվելը դժվար է, Հայկը նրան տարել է իր ուսերի վրա: «Երբ դուրս եկանք նկուղից, ես հասցրեցի նկատել, որ մի արկ պայթեց այն նույն պատի մոտ, որտեղ ես էի նստած: Այդ պահին ես ասացի՝ «թոռնիկ, տեսար ինչ լավ եղավ, որ մենք դուրս եկանք»,- պատմեց Հայկա տատիկը:

 

 

Քանի որ գյուղի բնակչության մեծ մասն արդեն այդ պահին հասցրել էին լքել գյուղը, Հայկը ստիպված է եղել ադրբեջանական զինուժի ռմբակոծության ու կրակոցների տակ իր ուսերի վրա տատիկին դուրս բերել գյուղից: Հայկը մոտ մեկ կիլոմետր ճանապարհ է անցել, որից հետո մեքենա է հանդիպել ու նրանց Ստեփանակերտ հասցրել: Հայկն այս պահին Թալիշում է, որտեղից բնակչության մեծ մասը տարհանված է: