«Տարօրինակ ժողովուրդ ենք ...

 

Նման չենք ուրիշներին: Չեմ ասում «աննման» ենք, նման չենք պարզապես: Նույնիսկ հրեաներին:
Հասկանալին, կայունը, իրականությունն առանց մարտահրավերի այնքան էլ մերը չէ: Փոքր ինչ հանդարտ վիճակում մենք մշտական ինքնախարազանման հոգեվիճակի մեջ ենք՝ ինքնաքննադատման, մեր «դեֆեկտների» ֆետիշացման, անելանելիության անխուսափելիության հետապնդման զգացողության: Նույնիսկ մեր ժողովրդական բանահյուսությունն ու գրողների գործերն են ներծծված էդ վիճակով. Էս խելքին ենք, որ էս խելքին ենք, հայի հետին խելքը, երթալը կփրկե, երկիրդ երկիր չէ, և ամենազարհուրելին՝ «ազգ չենք»-ը... Ու դա գրեթէ բոլորիս մոտ, գեղջուկից մինչև հինունոր թագավոր-իշխաններն ու ազգիս դասականները:

 

Բայց հերիք է վտանգի հոտն առնենք՝ դառնում ենք մոնոլիտ, մոռանում ենք մեր ամենաԵՍ-ը, տան վերջին ուտելիքը բերում ենք հրապարակում մրսող տղերքին: Նույնիսկ «վեշերը» կապած մեր մազապուրծները սկսում են ոտները կախ գցել ... Օդից կախված ամենամեղավոր ԳԱՂՋՆ է նույնիսկ նահանջում:

 

Սա մենք ենք: Սա է մեր ուժը, մեր գենի անհավատալի ու հաղթող կենսունակությունը: Որովհետև առաքելություն ունենք թերևս, մարդկության համար ու աստծո առջև...

 

Այսպես լինելու է միշտ, հարց առաջացավ՝ հավաքվելու ենք աշխարհի բոլոր ծայրերից, և ինչքան շուտ քոչվորի գլուխը սա մտնի՝ ավելի լավ իր համար:

 

Նման չենք ուրիշներին, ուրիշ նյութից ենք սարքած ...

 

Խաղաղությամբ հանգչեք տղերք: Հերոսների մայրերն ունեն սփոփանք:

Փոքրիկի ծնողներին ուժ ...»:

 

Հովհաննես Մանուկյան