Անհարմար հարց՝ կներեք, մենք այլևս նորմալ հայկական կինո չենք ունենալու՞…: էնպիսին, որ գնաս կինոթատրոն ու էդ անտեր փոփ քորնը մնա ձեռքդ, որ էնպես կլանվես, որ դրա մասին մոռանաս…
Կամ թիթռենիկի կյանք ունեցող, ոչինչ չասող, ոչնչի մասին կինոկատակերգություն կոչվող, հաճախ գռեհիկ անհամություններ, կամ էլ աշխարհից ու իրենցից նեղված հանճարների հոգու ուշացած ճիչեր, որ անբացատրելի ու շատ անձնական, մեկ մեկ էլ՝ հիվանդոտ երևակայություն ու գեղագիտություն են փաթաթում վզիդ…իսկ ի՞նչ ա՝ էդ երկուսի արանքը գոյություն չունի՞:
Դասական գրականություն էկրանավորելու փորձերը գովելի էին, գոնե դրանք շարունակվեն:
Բացատրություններ որքան ուզես կլսես, բայց մեջտեղը բավարար քանակությամբ կարգին գործ չի արվում, անընդունելի ա:

 


Հանուն արդարության իհարկե ասեմ՝ վերջին մի քանի տարիներին մի քանի իսկապես արժեքավոր ֆիլմեր տեսել եմ, բայց դա հերիք չի, հաստատ քիչ ա, էդ ռեժիսորներն ավելին կարող են անել, գոնե էդ մարդկանց օգնեն ու աջակցեն, ոգևորեն:
ՆՈՐՄԱԼ կինո յա պետք նկարել, պարոնայք՝ սրտամոտ, ջերմ, ասելիքով, ՀԱՅԿԱԿԱՆ: Որ ահելի հետքով փոփ քորն ուտող ջահելն էլ գա ու գլուխը մի բան մտած գնա տուն, գնալիս էլ ճամփին մտածի:
Սյուռքահայերի տեսադարաններում նույն էն հին, փառավոր ժամանակների Հայֆիլմի ու Երևան ստուդիայի արտադրանքն ա: Ու դա ցուցանիշ ա, մարդիկ դրանցով են ապրում ու թախծում, հիշելով հայ կինոյի ձեռքբերումները: Եթե էդ ցուցակից դուրս որևէ ուրիշ, լավ բան հրաշքով երևան ա գալիս՝ դա էլ են սկսում նայել, էդպես ա:

 


Ստանիսլավ Գովորուխինի հետ հարցազրույց էր՝ մարդը դառնացած ա էսօրվա ռուսական կինոյի գեղագիտական ճաշակից, կասկածելի ասելիքից ու իրավացի ա, երբ պնդում ա, որ փառատոնային ռուսական կինո ասելով էսօր հիմնականում պետք ա հասկանալ հետևյալը՝ ՙՈրքան շատ փնովես հայրենիքդ, էնքան ավելի երկար ծափ կտան դրսերում: Ռեժիսորներն էսօր Լոս Անջելեսի փառատոնում են, վաղը՝ Բեռլինում, մյուս օրը Տոկիոյում ու դրանով են բավարարվում՚: Եվ դա էն դեպքում, երբ Ռուսաստանում այնուամենայնիվ կարգին կինո թեկուզև քիչ, բայց շարունակում են նկարել:
Շատ մեծ ա Ռուսաստանը մեզ հետ համեմատած, բան չասեցինք: Բայց դա արդարացում չի՝ հայրենիքն ու սեփական ժողովրդին աշխարագրական չափանիշներով չեն սիրում, բոլոր շնորհքով մարդիկ պարտք են սեփական ազգին, դա օրենք ա: Ու պարտավոր են խոսել իրենց ծնած-սնած ժողովրդի ցավերից և ուրախություններից, պարտավոր են քարը քարին դնել էդ նույն ժողովրդի համար, ուշադրություն չդարձնելով, թե էդ քարը որքան ա ծանր:

 


Ես հախուռն եմ գրում ու կխնդրեմ սա հոդված չհամարել ոչ-մի դեպքում, ուղղակի զարմանում եմ, թե էս հակասական, ահավոր հետաքրքիր ու խառը ժամանակները ո՞նց ա, որ նյութ չեն տալիս կինոգործչի մասնագիտությունն ընտրածների մեծ մասին: Հայ կինոհերոսն այլևս էկրանից ասելու բան չունի՞…
Ախր չէ՞ որ հենց էսպիսի բարդ ու ճակատագրական պահերի են աշխարհ գալիս իսկական, մնայուն գործերը, նրանք, որ հասունանում են ազգասեր, պատասխանատվության զգացում ունեցող ու ոչ ձևականորեն հայրենասեր կոչվող արվեստագետների հոգիներում: Բա ու՞ր են էդ գործերը…
Ալո, ինձ լսող կա՞….

 

 

Քրիստ Մանարյան