Հայաստանում պարսիկների նկատմամբ վերաբերմունքը առնվազն նվաստացուցիչ է. Նվաստացուցիչ՝ հայերիս համար: Պարսիկները մեր բարեկամներն են, մեր ցեղակիցները: Հայերն ու պարսիկները գենետիկ, մշակութային բազում ընդհանրություններ ունեն: Եվ մեր հասարակության լայն շերտերի վերաբերմունքը պարսիկների նկատմամբ՝ տգիտության ու ողորմելի սնափառության արդյունք է: Այս օրերին շատերի հետ եմ խոսել, կիսվել այս թեմայով, և հիմնական փաստարկը, որ լսել եմ պարսիկների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից՝ դա նրանց մահմեդական լինելն է: Ահա ուր ենք հասել մեր կրոնական մոլուցքով:

 


Մոռացանք, որ Պարսկաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մոռացանք, որ Իրանում տասնյակ հազարավոր հայեր են բնակվում: Բնակվում են՝ ազատ, անկաշկանդ, օգտվելով այդ երկրի քաղաքացիների բոլոր իրավունքներից: Մոռացանք, թե Իրանում հայկական մշակութային արժեքներին ինչպես են վերաբերվում…
Եվ մեր հասարակության տականքը, այն թափթփուկները, ովքեր պարսիկներին խաբելով փորձում են իրենց անհագուրդ ախորժակը բավարարել՝ ծախելով իրենց պատիվը գրոշներով, նաև մեջբերում են, թե պարսիկները… խոզեր են…
Այդ նույն թափթփուկները ռուս կամ եվրոպացի տեսնելիս՝ քիչ է մնում ոտքերը լիզեն:
Անբարո ստահակներ. Գնացեք Իրան և տեսեք, թե այդ պարսիկն ինչ վերաբերմունք ունի իր պետության, հայրենիքի, ազգային արժեքների նկատմամբ և համեմատեք. Ո՞վ է իրական խոզը….
Պարսիկների մեջ էլ բնականաբար կան անձինք, ովքեր իրենց պահվածքով հակակրանք են առաջացնում: Բայց եթե մեկ-երկու նման դեպք գիտենք, չի նշանակում, թե հասարարակական վերաբերմունքը պետք է փոխել պարսիկ ժողովրդի նկատմամբ…. Ինչևէ, առկա երևույթը վկայում է մեր հասարակության ոգեղեն սնանկությունն ու տարածված համընդհանուր տգիտությունը:

 


Ի դեպ. Պարսիկներին ենք նաև պարտական այսօրվա մեր գոյության համար: Երբ 15-16-րդ դարերում Հայաստանը ոտքի կոխան էր Միջին Ասիայից ներխուժած ակ-կոյունլու և կարա-կոյունլու ցեղախմբերի համար, երբ մեր երկրում հայն արդեն բացարձակ մեծամասնություն չէր կազմում և կործանման եզրին էինք, հենց Պարսկաստանը փրկեց մեզ: Փրկեց, երբ հզորացավ Սեֆյան Իրանն ու փակեց Միջին Ասիայից թյուրքական ցեղախմբերի մուտքը Հայաստան: Արդյունքում, Հայաստանի էթնիկ կազմի փոփոխություն այլևս չեղավ, այլապես…

 

Վահե Լորենթս