Ոչ, Եվրոպան չէր որ մեզ պատսպարեց ու մեր վերքին դարման արեց մեզ համար օրհասական ու եղեռնալից այն դաժան 1915 թվականին։ Արաբներն էին որ կոտորածից մազապուրծ մեր բեկորներին տեղ տվեցին իրենց աղքատիկ հյուղակների կողքին ու մեզ հետ կիսեցին իրենց առանց այն էլ ոչ առատ հացի սեղանը։ Ապրելու ու մեջքներս ուղղելու խաղաղ տարիներ նրանք պարգևեցին մեզ Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Արաբական աշխարհի այլ երկրներում։ Չնայած կրոնական տարբերությանը մեզ թույլ տվեցին իրենց երկրներում կառուցել մեր եկեղեցիներն ու մեր դպրոցները։ Ամեն ինչ արեցին որպեսզի մենք չկորչենք անտերության ու կարիքի մեջ։

 


Խորը խոնարհումով հիշելով արաբների մարդասիրական վերաբերմունքը մեր ազգի հանդեպ կոչ եմ անում արաբների համար այս ծանր ու դժվարին պահին երբ նրանց տունն է մտել ավերն ու սպանդը եղեք զուսպ ձեր արտահայտություններում ուղղված այդ ժողովրդին։ Մի եղեք ուտող ուրացողի դերում, մի խփեք այն ձեռքին որը մի կտոր հաց է մեկնել մեր որբերին ու ծերերին։

 


Դատապարտելով ու մերժելով ահաբեկչությունը, հանցագործ համարելով ահաբեկիչի անձը և ցավակցելով անմեղ զոհերի հարազատներին խնդրում եմ մի վատաբանեք արաբներին ու մի պիտակավորեք հարյուրավոր միլիոն այդ ժողովրդին։ Նրա այդ արգահատելի քայլերը չեն նրան բնութագրողը։ Դրանք հուսահատության խելահեղություններ են ու կանցնեն կգնան։
Արաբ ժողովուրդը մեծամասամբ բարի ու հանդուրժող ժողովուրդ է։

 

Համլետ Աբրահամյան