Մի ուրույն, յուրահատուկ, առանձնահատուկ քաղաքական դաշտ ունենք՝ հայկական, արևելյան-եվրոպական խառնուրդով, ազգային առանձնահատկություններով, անհասկանալի <> համեմված…Աջափսանդալային, շատ կանխատեսելի, պարզունակ, մակերեսային, հաշվարկված ու ինչ-որ տեղ տնավարի…Լիքը կուսակցություններ, անհամար հասարակական տարաբնույթ՝ ընդհուպ կուսա-տարասեռախառն քաղաքականացված կազմակերպություններ, նորանոր քաղաքացիական արագ բռնկվող նաև արագ հանգչող շարժումներ:

 

Մեծամասամբ առանց քաղաքական հենքի, այստեղից-այնտեղից արտագրված ծրագրերով, առանց գաղափարախոսության, առանց լուրջ, զարգացած, ինտելեկտուալ քաղաքական գործիչների, առանց իսկական նվիրյալ անդամների ու հետևորդների: Ովքեր էլ մի փոքր առանձնանում են, ապա գրեթե անխտիր բոլորը կրթվել են խորհրդային <> կրթական համակարգում: Ներկա սերունդը հիմնականում ճիշտ է համառ են, սկզբունքային, անհաշտ, բայց կաղում են իրենց ինտելեկտով և ընդհանուր պատրաստվածությամբ:
Ինչևէ, քաղաքական կյանքն էլ է մեզ նման՝ ճոխ-ճոխ, լիքը-լիքը, ցուցադրական, բազմատեսակ, զռռացող…Մեր հարսանիքների, մեր թաղումների, մեր բիզնեսների, մեր թաղային-քուչայական, ախպերական հարաբերությունների, մեր կապկած, թխած, էկլեկտիկ ֆիլմերի նման:

 


Հիմա էլ նոր դրսևորում, նոր առանձնահատկություն է ցայտուն նկատվում, թե ով է ամենաընդդիմադիրը և ժողովրդի համար իրեն պատեպատ տվողն ու պուպուշը: Ընդդիմադիր հորջորջյալ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները սկսել են իրար ավելի ատել, իրար ավելի շատ վարկաբեկել, քան իշխանություններին…Ու գնալով առաջիկայում ավելի կսրվի այդ պայքարը, կդառնա ավելի անզիջում ու դաժան:
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ դիվանբաշի…Կհիշեն անհիշելին, կհիշեցնեն, կհոշոտեն, կփորփրեն, կբզկտեն իրար…Չէ՛, չեն համախմբվի, չեն համագործակցի, որովհետև ամբիցիաները, պաշտոնամոլությունը, փառքը, իշխանության ձգտումը բոլորի մոտ առաջնայինն է, կարևորը, հիմնականը…Ժողովրդի, քաղաքացու մասին էլ մտածում են ձեռի հետ՝ այնքանով, որքանով…<> տան, ընտրվեն ու պաշտոն ստանան…

 

Բոլորն էլ ձգտում են իրենք լինեն առաջինը, գլխավորը, կարևորը, պայմաններ թելադրողը, պարտադրողը…Ի՞նչ ընդհանուր նպատակ՝ ժողովրդի, պետության, ազգի, երկրի շահեր, խնդիրներ…Թքած ունեն, դրանք իրենց համար հիմնական նպատակին՝ իշխանության հասնելու սոսկ միջոց են, շիրմա՝ ընդամենը, դրա համար էլ երբեք չեն համախմբվի…Դա հային և հատկապես հայկական արտադրության քաղաքական դաշտին հարիր չէ…

 

Ռոբերտ Մելքոնյան