1887թ. ավարտել է Լոնդոնի Քինգզ քոլեջը: 1891թ. նրան Բաքու է հրավիրել և նավթարդյունաբերությանը հաղորդակից դարձրել Ալեքսանդր Մանթաշյանցը: Այնուհետև Օսմանյան Թուրքիայի ընդերքի նախարարի առաջարկով տեղեկագիր է պատրաստել Միջագետքի նավթի պաշարների վերաբերյալ: Նա կանխագուշակել է Թուրքիայի, Իրաքի, Արաբական թերակղզու և Պարսից ծոցի նավթային խոշորագույն պաշարների գոյությունը:

 


1898թ. նշանակվել է Թուրքիայի դեսպանատների տնտեսական խորհրդական Փարիզում ու Լոնդոնում: 1902թ. ընդունել է բրիտանահպատակություն: Նրա ջանքերով Իրաքի նավթապաշարների շահագործման նպատակով 1912թ. ստեղծված Թուրքիայի նավթային ընկերության 35% բաժնեմասը պատկանում էր Թուրքիայի Ազգային բանկին, 25-ը' անգլո-հոլանդական Ռոյալ Դատչ Շել կոնցեռնին, 25-ը' Գերմանական բանկին, իսկ 15%-ը' իրեն:

 

 

Մեծ Բրիտանիայի ստիպմամբ, սակայն, նրա սեփական մասնաբաժինը նվազեց 5%-ի: Այդ տոկոսադրույքն ամրագրվեց հավիտյանս, ինչի շնորհիվ Գ.Գյուլբենկյանը համաշխարհային բիզնեսի պատմության մեջ մնաց «Պարոն 5%» մականվամբ: 1930-1932թթ. եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ:

 

 

Տիրելով վիթխարի հարստության' նա ձեռք էր բերել աշխարհի տարբեր ժողովուրդների արվեստի ու մշակույթի 6000 եզակի նմուշ: 1942թ. մշտական բնակություն է հաստատել Լիսաբոնում և մահից երկու տարի առաջ այդ ամբողջը կտակել Պորտուգալիային: Մահացել է 1955թ.-ի հուլիսի 20-ին Լիսաբոնում:

 

 

1956թ. ստեղծվել է Գալուստ Գյուլբենկյան պորտուգալական հիմնադրամը' այսօր աշխարհի վեց հարանման լավագույն կառույցներից մեկը: Ներկայում այդ հիմնադրամից օգտվում է ավելի քան 70 երկիր, իսկ հայկական ծրագրերի համար հատկացվում է միջոցների մեկ տասներորդը:

 

 

Զոհրապ Եգանյան