Ես պատմությունը դիտարկում եմ անկյունաքարային իրադարձություններով։ Իրադարձություններ, որոնք ժամանակի բարդ հասարակական կարգի փոփոխության գագաթնակետն են։ Օրինակ, ժամանակին շատ կարևորել եմ Ֆրանսիայում գլխաշորի արգելքը, ինչպես նաև Աում Սինրիկյոյի կողմից Տոկյոյի մետրոյում իրականցարած ահաբեկչությունը։

 


Վերջինս ցուցադրում է հետինդուստրիալ ժամանակաշրջանի մի փոփոխություն, որին մարդկությունը դեռ պիտի հարմարվի։ Եթե ինդուստրիալիզացիան ու ազգայնականությունը կերտեցին մի մի իրավիճակ, որ մարդիկ զբաղված են, որպեսզի կյանքում նյութական բարիքներ կերտեն ու ապահովեն բարեկեցություն, իսկ պատերազմները ավելի շուտ հանրային/պետական բնույթ են կրում, ապա ինչ կլինի, եթե վիճակը լինի խաղաղ ու բարեկեցիկ։ Հոգևոր որոշակի արժեքների կարիքը սկսում է դրդել մարդկանց զբաղվել այլ բաներով։ Աում Սինրիկյոն դրա լավագույն ցուցադրումն էր։ Քաղաքակրթական պատերազմ, Իսլամ, ռադիկալիզմ և այլնը այս ամենում կապ չունեն։ Պարզապես զանգվածային գործազրկությունը /կարդալ պարապություն/ ու նյութականը/սոցիալականը երկրորդ պլան մղելը հանգեցնում է նման երևույթների։ Բրյուսելյան դեպքերը /ու դրան նախորդող ու ցավոք հաջորդող այլ ահաբեկություններ/ ժամանակակից տնտեսական աշխարհի էական տրանսֆորմացիան է։

 


Այս երևույթի ոչ ծայրահեղ վիճակը առկա է նաև Հայաստանում։ գործազրկության բարձր մակարդակը հանգեցրել է տարատեսակ շարժումների, հոգևոր արժեքների փնտրտուքի, լատինատառ ֆեյսբուքահայության զանգվածի, խաչիկստամբուլցյանիզմի, արիական ռասիզմի, արիաքրիստոնեական հեղափոխության, ուկրաինամայդանական հեղափոխականությամբ, էզոթերիկ աստղաբանությամբ և այլնով։
Ապրելակերպի մոդելն իրականում արագ փոխվում է։ Մինչդեռ սոցիալական նորմերն ավանդական են ու դանդաղ փոփոխվող։

 

 


Աշոտ Խուրշուդյան