Գայլի հարձակումից լուրջ վնասվածքներ ստացած 75-ամյա կնոջ վիրահատությունն ավարտվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

 

 

«Վիրահատությունը գրեթե 4 ժամ է տևել: Ինչպես նախապես տեղեկացվել էր վիրահատարանում միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր' միկրովիրաբուժական, պլաստիկ և դիմածնոտային: «Էրեբունի» ԲԿ առաջատար բժիշկները' Արա Հայրապետյանը, Արտյոմ Իկիլիկյանը և Արամ Բորոյանը նախ վիրաբուժական մշակում են կատարել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը, որոնք ևս վնասված են եղել: Աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց»,-ասված է Շուշան Հունանյանի գրառման մեջ:

 

 

Հիվանդը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական սարքի միջոցով:

 

 

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում 75-ամյա բնակչուհին գայլի հարձակումից դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել: Նա սկզբում բժշկական օգնություն է ստացել Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: