Ընտրությունները բազմասպեկտ և բազմաբովանդակ գործընթաց են, ուստի դեռևս չկա դրանց հիմնահատկանիշները վերհանող և առանձնահատկություններն ընդգծող միասնական սահմանումը, հետևաբար կներկայացնենք տարբեր հեղինակային մոտեցումներ և բնորոշումներ' ընդգծելով նաև մեր մոտեցումը:
Արևմտյան քաղաքագիտական գրականության մեջ առավել տարածված է այն մոտեցումը, համաձայն որի հենց ընտրություններն են հանդիսանում հասարակական-քաղաքական գործընթացների հիմնասյունը' ժողովրդավարական հասարակարգերում: Արևմտյան հեղինակների աշխատություններն առանձնանում են նաև նրանով, որքանով, ուսումնասիրելով ընտրությունները նախընթաց, փորձ է արվում ցույց տալ, թե ինչպես է «ճահճացած» երկներում աշխատում այս կամ այն ընտրական համակարգը:

 


Այսպես, ընտրությունները ժողովրդավարական հասարակություններում քաղաքականությունը հասկանալու համար բանալի են հանդիսանում, որոնք իշխանություններին լիազորում են որոշումներ ընդունել խաղաղության և պատերազմի, աղքատության և հարստության, հասարակությանը կառավարող օրենքների մասին:
Ցանկացած պետականորեն կազմավորված հասարակական-քաղաքական համակարգի բնութագրման հարցում առանձնահատուկ դեր և նշանակություն ունեն ընտրական համակարգերը որպես պետական իշխանության մարմինների ձևավորման կանոն ու մեխանիզմ: Ընտրական համակարգը քաղաքական համակարգի տարրն է, և քաղաքականության առանցքային տարրի' պետական իշխանության, լեգալ կայացման և լեգիտիմ գործառնության գործուն մեխանիզմը:

 


Անդրկովկասյան տարածաշրջանային ընտրական համակարգերի վերլուծությունից պարզ է դառնում այն ակնհայտ օրինաչափությունը, որ և համամասնական և մեծամասնական համակարգերն ու դրանց համակցություններ հանդիսացող խառն ընտրական համակարգերը յուրօրինակ դրսևորում են ստանում Հարավկովկասյան երկրներում: Յուրաքանչյուր երկրում ընտրական համակարգի վրա ազդում են ազգային, էթնո-մշակութային, պատմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական և ինստիտուցիոնալ գործոնները:
Այսպես, հարկ է նշել, որ թե’ համամասնական, թե’ մեծամասնական ընտրական համակարգերը հարավկովկասյան տարածաշրջանում ունեն իրենց առավելություններն ու թերությունները:
Այսպես, մեծամասնական համակարգի կիրառումը երեք երկրներում կարոևորվում է նրանով, որ նրանցում դեռևս կուսակցական համակարգերը լիովին չեն կայացել և այս համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս առավել անմիջական կապ հաստատել ընտրողների և ընտրվողների միջև' առավել առարկայական դարձնելով ժողովուրդ իշխանություն կապը: Սակայն արդարության առաջ չմեղանչելու համար պետք է ընդգծենք, որ հենց մեծամասնական համակարգն է նպաստում ծայրահեղական կուսակցությունների և քաղաքական ուժերի առաջացմանը, որոնց չներկայացվածությունը կամ թերներկայացվածությունն օրենսդիր մարմնում նպաստում է արտախորհրդարանական ընդդիմության ձևավորմանն, որը հղի է վարչակարգի դեմ ուղղված հակահամակարգային ծայրահեղական շարժման վերածվելու լուրջ սպառնալիքով:
Համամասնական համակարգի կիրառման արդյունքում ստեղծված կոալիցիոն կառավարություններն ու դրանցում տարբեր ուժերի ներկայացվածությունը կարող է անարդյունավետ լինել հակամարտայնությամբ բնորոշվող երկրների համար: Այն մասամբ վերաբերում է Վրաստանին, որտեղ ընթացող «մոնոէթնիկացման» քաղաքականության տրամաբանությունից չի բխում տարբեր փոքրամասնությունների համաչափ ներկայացվածությունն օրենսդիր և գործադիր իշխանություններում:

 


Անդրադառնալով Ադրբեջանի ընտրական համակարգին, պետք է նշել, որ մեծամասնական համակարգի կիրառումը, առերևույթ օպտիմալ թվալով, իրականում չի բխում ժողովրդավարացման տրամաբանությունից այնքանով, որքանով չի նպաստում միջկուսակցական պայքարին և մրցակցությանն, այդ հիմքով ժողովրդավարական կառավարության ձևավորմանը:
Եթե մեծամասնական ցուցակով առաջադրված թեկնածուն, գոնե նախընտրական քարոզչության ժամանակ, «բազմաթիվ» հանդպումներ, անմիջական զրույցներ վարելով իր ընտրազանգվածի հետ, սին խոստումներ տալով և այլն, չի հայտնվում խորհրդարանում' ինչու պետք է հենց նույն ընտրողը ցանկանա, որ այդ նույն թեկնածուն համամասնական ցուցակով անցնի խորհրդարան: Նշյալը հստակ ապացուցում է, որ կիրառվող այս համակարգը ժողովրդի կամքին հակառակ է, այսինքն լրիվ ժողովրդավարական չէ:

 


Ամփոփելով փաստենք, որ իրականում մեզ հարկավոր է այնպիսի համակարգ, որ նորմալ և գրագետ մարդկանց քանակը դառնա համաչափություն, իսկ գործից հասկացող մարդիկ կան գրեթե բոլոր կուսակցություններում, ուղղակի նրանց չի տրվում այդ հնարավորությունը: Մի խոսքով, պետք է առաջին հերթին առողջացնել և կայացնել կուսակցությունները:

 

 

Արմեն Հովասափյան