Թեման, իրոք, տհաճ է: Նիկոլի ու նրա կուսակցության մասով այս օրերին «հաճախորդության» համար աջ ու ձախից մեղադրում ու շահարկում են, բայց չմոռանանք, որ Նիկոլի լրատվամիջոցն է տարիներ շարունակ «հաճախորդություն» հասկացությունը շրջանառել ու շահարկել: 2004-2008 թվականներին, երբ գործարկվում էր «Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ գալուստ» օպերացիան, «սևերի ու սպիտակների» բաժանելու մարտավարությամբ, նույն «հաճախորդության» թեման շահարկելով՝ Նիկոլն ամայացնում էր ընդդիմադիր դաշտն ու ճանապարհ հարթում Տեր-Պետրոսյանի համար:

 


Նույն թակարդում ժամանակին հայտնվել էր նաև Ռոբերտ Քոչարյանը, երբ Ղարաբաղի Նախագահի ընտրություններում շահարկում էր այն թեզը, թե «ինչպե՞ս կարելի է ստեփանակերտցի Ռոբերտ Քոչարյանին թողած, հադրութցի Արթուր Մկրտչյանին կամ շահումյանցի Շահեն Մեղրյանին ընտրել Նախագահ»: Արդեն Երևանում նույն շահարկումն իր դեմ էր աշխատում՝ «ինչպե՞ս կարելի է ղարաբաղցուն Երևանում Նախագահ ընտրել» թեզի տեսքով:
Երբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Նախագահ Սարգսյանը Բաղրամյան 26-ում հյուրնկալում էր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ նրանց կարծիքները լսելու, սահմանադրության նախագաիծը քննարկելու համար, ինչպես Նիկոլի շրջապատը, այնպես էլ Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը օրը 7 անգամ շահարկում էին չարաբաստիկ «հաճախորդության» ու «Բաղրայան 26-ում ֆոտոսեսիաների» թեման: Այս օրերին արդեն իրար ուղիղ են հարվածում. ՀԱԿ-ն ասում է, թե իշխանության հետ լավ հարաբերություններ ունեցող Խաչատուր Սուքիասյանը կապված է Նիկոլի հետ, ուստի վերջինս «հաճախորդ» է:

 

Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիրն» էլ ասում է, թե Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ՀԱԿ-ը հրաժարվում է ՔՊ թեկնածու Սասուն Միքայելյանի օգտին տալ ընտրական հանձնաժողովի ՀԱԿ տեղերը, ինչը «իշխանության ջրաղացին ջուր լցնել» է նշանակում կամ այլ կերպ ասած՝ «հաճախորդություն»:
Հայտնի ճշմարտության՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես» կամ «քամի ցանողը փոթորիկ կհնձի» մեխանիկան հայկական քաղաքական դաշտում հենց այսպես է գործում: Սա պետք է բոլորի համար դաս լինի: Ի դեպ, «հաճախորդության» ու «Բաղրայան 26-ում ֆոտոսեսիաների» թեմայից օր ու գիշեր փրփռոտած ճառերով հանդես եկող ՀԱԿ-ը թող բացատրի, թե Տեր-Պետրոսյանի զարմիկը, երբ հոլանդահայ գործարարների հետ միասին կառավարության շենքում հանդիպում է վարչապետի հետ, դա «հաճախորդությու՞ն», թե՞ ոչ…

 

Միհրան Հակոբյան