«Ալեքսանդր Թամանյանը' հայոց նորօրյա մայրաքաղաքի արարիչն է, մարդ, որը եկավ վերածնելու հայկական քաղաքաշինությունը, որից գրեթե ոչինչ չէր մնացել...

 


Ինչ որ մարդկանց այսօր անհրաժեշտ է ներկայիս կառուցած Հյուսիսային պողոտան վերագրել Թամանյանին, այնինչ' դա Թամանյանի կողմից նախագծածի խեղկատակությունն է: Դա ուղղակի ծաղրանկարն է այն Հյուսիսային պողոտայի, որը նախագծվում էր որպես վեհապանծ մի փողոց և պետք է իրար միացներ հայոց նոր մայրաքաղաքի Միտքն ու Հոգին, մշակութային կենտրոնը' այսինքն Օպերայի և բալետի շենքը' Կառավարության շենքին: Պատկերասրահի շենքը այդպես էլ չվերացվեց, բայց փոխարենը վերացվեցին այն բազում հյուղակները, որտեղ ապրում էին հասարակ երևանցիներ, որոնք նետվեցին փողոց, որոնց կյանքի, կահկարասու և շինությունների հաշվին որոշ մարդիկ վաստակեցին միլիարդներ, և այդ ամենի փոխարեն մեզ «պարգևեցին» սառը, ողորկ ու նեոսոցիալիստական ոճի մի փողոց, որը բացարձակապես ոչ մի կապ չունի թամանյանական հանճարի հետ:

 


Թամանյանի Հյուսիսային պողոտան պետք է լիներ առնվազն երկու անգամ ավելի լայն ու առնվազն երկու անգամ ավելի ցածր շենքերով: Իսկ այսօր եթե Հյուսիսային պողոտայի սկզբնամասից նայենք Օպերային, ապա կտեսնենք խեղճ ու կրակ մի շենք, որը սեղմված ծվարել է բարձրահարկերի արանքում: Այնինչ պետք է լիներ լրիվ հակառակը. այդ նախատեսված հզոր ու լայն փողոցի վերջում' հառնող և ավելի բարձր Օպերայի շենք, որը պետք է լիներ դոմինանտ' այդ փողոցի եզրափակիչ կետը: Ծավալները մեծացան, բիզնեսը խորացավ' և մենք «բարեհաջող» կարողացանք ոչնչացնել թամանյանական նախագիծը' պահպանելով լոկ նրա անունը...

 


Թամանյանն ասում էր' կա կառուցելու ժամանակը, բայց կա նաև երբեմն սխալ կառուցելու ժամանակը, դրա համար էլ քաղաքներն ունենում են նաև քանդելու ժամանակներ: Արթուր Մեսչյանը մի առիթով ասաց' մի օր էլ կգան նաև Հյուսիսային պողոտան քանդելու ժամանակները: Եվ ես վստահ եմ, որ անպայման կքանդենք ու' ազգովի կքանդենք, որովհետև դրանք ոչ հայոց ոգուն, ոչ էլ հոգևոր աշխարհին վայել կառույցներ չեն... Այսօր Երևանը «գեղի» է վերածվել՝ անճաշակության ու անգրագիտության շնորհիվ, իսկ Երևանում թամանյանական հետքը ջնջել ցանկացող երևույթներին մի բան ունեմ ասելու. դուք բոլորդ անցնելու եք գնաք՝ ձեր իսկ սարքած անճոռնի շինություններով հանդերձ»:

 

 

Ռուբեն Շուխյան