Երբեք մի մոռացեք նրանց, ովքեր կարող էին...
Կյանքը պայքար է, ամեն օր, ամեն վայրկյան, և երբեք պետք չի սեփական անհաջողությունները արդարացնել մեկ ուրիշի անգործությամբ:

 


Ասում են, որ ավելի դժվար է լավ բան անելը, քան վատ: Վատ մարդկանց լավ բան անելն ավելի դժվար չի տրվում, քան լավ մարդկանց վատ բան անելը:
Իհարկե, մեզ միշտ թվում է, որ ինչ որ մեկը պարտական է մեզ սատարելու, բայց իրականում հասկանում ենք, որ այդ մարդիկ անգամ մոռանում են քո գոյության մասին, եթե դու անհետանում ես հորիզոնից:
Շատերն էլ ուղղակի սեփական երազանքների անկատար լինելը կապում են Աստծո հետ, դե ինչ արած, Աստված չկամեցավ:
Դե իհարկե, ոչ բոլոր նպատակներն են իրագործվում, հաճախ ամենանվիրականները ուղղակի վերածվում են անկատար երազանքների: ժամանակն էլ, որպես ամենադաժան դատավոր, իր խաչն է դրոշմում նրանց վրա:
Հենց այդ կետն էլ շատերի համար վերածվում է կյանքի իմաստազրկման կետի: Այ հենց այստեղ է, որ պարտավոր ես գտնել կյանքի այլ իմաստ:

 


Անարդարությունը, համատարած սուտը, շրջապատի անտարբերությունն ու հարազատների դավաճանությունները ընդամենը հանգամանքներ են, որոնք պիտի հաղթահարես, եթե ուզում ես կայանալ որպես անհատ: Հիասթափությունն էլ ամենածանր խաչն է, որ ստիպված ես լինելու կրել ողջ կյանքիդ ընթացքում, բայց, այդուհանդերձ, հիշիր բոլոր նրանց, ովքեր կարող էին այդ ծանրությունը թեթևացնել ու չարեցին դա: Հիշիր ու շարունակիր ընթացքդ:
Միևնույն է ճանապարհիդ ավարտին դու հասկանալու ես, թե որն էր քո իրական առաքելությունը...

 

Գարիկ Պետրոսյան