Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու վերաբերյալ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի հետ:
Նա մասնավորապես գրել է.
«Ինչ-որ մեկին դուր չի եկել իմ գրառումը և ջնջել է տվել այն: Ամո՛թ նրանց: Դուք միանշանակ սխալ եք, պարո՛ն Սարգսյան: Այլևս ոչ մի բան չսպասեք իմ հորից, քանի դեռ դուք չեք ուզում որևէ լավ գործ անել՝ ազատ արձակել Վարդան Պետրոսյանին»:
Հիշեցնենք՝ Սեդա Ազնավուրը 2016 թվականի հունվարի 29-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել ազատ արձակել դերասան Վարդան Պետրոսյանին:
«Հարգելի՛ ՀՀ նախագահ, քանի որ Դուք իմ հայտնի հոր ընկերն եք, և վերջինս էլ ներգրավված է Հայաստանի բարեկեցության ամրապնդման գործում, Դուք կարող եք նրա աղջկան՝ Սեդային, երջանիկ դարձնել՝ ազատելով Վարդան Պետրոսյանին: Չե՞ք կարծում, որ նա արդեն պատասխանատվություն է կրել»,- ասել է նա: Սեդան նաև կանխավ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին իր խնդրանքն, ամենայն հավանականությամբ, սիրով հաշվի առնելու համար. «Իմ հարգանքներն եմ փոխանցում Ձեզ և Ձեր գեղեցիկ ընտանիքին»:
Ի պատասխան Սեդա Ազնավուրի նամակին՝ Սերժ Սարգսյանը ասել էր, որ նկատի կունենա Ազնավուրի դստեր խնդրանքը.
«Սիրով նկատի կառնեմ ձեր նամակը: Ես նույնպես մեծ հույսեր ունեմ Վարդան Պետրոսյանի վրա, որ կկարողանա ուժ գտնել և մեզ օգնել, որպեսզի կարողանանք լուծել այս թնջուկը և ներման գործընթացը հնարավոր լինի արագ իրականացնել»: