«Ամերկոմ»-ի մանկական հիվանդանոցը Երևանում... Այս շենքը գտնվում էր Բուզանդի փողոցի 107 հասցեում' «Մուշեղ Իշխան» կրթահամալիրի և դեպի Հրազդանի կիրճ տանող զույգ թունելների հարևանությամբ: Այն այժմ քանդվել է, և նրա տեղում ներկայումս շատ խորհրդանշական մի փոս է փորված: Չնայած քարերը համարակալված են և տեղափոխված, սակայն պարզ է, որ նույն տեղում հերթական մի բարձրահարկ է լինելու: Դեռևս մեկ տարի առաջ պատմական այս շինության վերաբերյալ անդրադարձ եղավ լրագրող Մարկ Գրիգորյանի հեղինակային «Անծանոթ Երևան» հաղորդաշարում:

 

 

19-րդ դարավերջին սև տուֆից կառուցված այս շենքում 1919-ից' մինչև 1920-ականների վերջը գործել է «Ամերկոմ»-ի (Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտե) որբերի համար նախատեսված մանկական հիվանդանոցը: Այսինքն, այն' ցեղասպանությունը վերապրած հայ որբերի և նրանց օգնության հասած բարեգործական կազմակերպության հազվագյուտ կենդանի վկան էր հանդիսանում, որը պետք էր որպես մասունք պահպանել, վերականգնել և տեղակայել այստեղ հիշատակի մի թանգարան: Բայց դա չարվեց, և ցավալին այն է, որ սա արդեն սովորական է դառնում մեզ համար:

 

 

Ռուբեն Շուխյան