Հեռուստատեսությամբ լուրեր արդեն տևական ժամանակ է չեմ դիտում: Եթե անկեղծ առանձնապես նայելու բան էլ չկա: Բայդ դե մեկ-մեկ բացառություններ լինում են. նախորդ օրը աչքիս ընկավ տեղական լրատվական հաղորդումներից մեկը: Լրահոսը բնականաբար հիմնականում կառուցված էր համացանցային լուրերից, բացառությամբ պաշտոնական մի քանի հաղորդագրությունից ու տեսանյութից: Այ հենց էդ տեսանյութն էլ ինձ հետաքրքեց:

 


Ուրեմն, ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում է արտերկրում մեր դեսպանի մասնակցությամբ (կարծեմ Գերմանիայում ՀՀ դեսպանն էր), ուր խոսվում ու քննարկվում է դեսպանի աշխատանքային երկրի հետ մեր տնտեսական կապերի օրակարգը, տնտեսական ոլորտում իրականացված քայլերը: Ներկա են տնտեսական ոլորտի նախարարներ, և որոշ այլ պաշտոնիաներ: Պարզվեց նախկինում նման հանդիպում մեկ անգամ ևս տեղի է ունեցել ու ՀՀ նախագահի մոտ քննարկման հրավիրված է եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանը:
Հաշվի առնելով տնտեսական ճգնաժամի իրողությունները՝ նման գործելաոճը կարող է բավական արդյունավետ լինել երկիր ներդրումներ բերելու, երկրի տնտեսական հեղինակության բարձրացման քայլեր ձեռնարկելու, առկա խնդիրների մասին երկրի առաջին դեմքին տեղյակ պահելու ու արտահանման հասցեկան քայլեր մշակելու/ձեռնարկելու համար: Կարծում եմ հետաքրքիր ու կարևոր նորմուծություն է:

 


Մեզանում ընդունված է, որ մեր դեսպանությունները սովորաբար պետք է զբաղվեն քաղաքական, համահայկական հարցերով, ԼՂ հիմնահարցի ինչ-որ բաղադրիչներով, ՀՀ-ի հեղինակության բարձրացման ու հակահայկական քարոզչությանը դիմագրավելու քայլերով, հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգով ու շատ այլ՝ բայց հիմնականում քաղաքական հարցերով: Սակայն դեսպանությունը նաև գործուն տնտեսական գործիք է:

 


Ժամանակակից աշխարհում տնտեսական հզորությունն է պայմաններ ստեղծում քաղաքական խնդիրիների լուծման ու մրցունակ լինելու համար: Երկրի առաջին դեմքի մակարդակով դեսպանությունների գործունեության տնտեսական կողմի նկատմամբ նմանօրինակ ուշադրությունը փաստում է, որ արտաքին տնտեսական օրակարգը երկրի կառավարման քաղաքականության մեջ ոչ միայն առաջնահերթ է լինելու, այլև հետայսու տնտեսական խնդիրներ ունեցող մեր երկրում դեսպանությունների ակտիվ ու նախաձեռնող աշխատանքից շատ բան է կախված լինելու: Տեսնենք ու սպասենք արդյունքների:

 

Ալեն Ղևոնդյան