2008 թ. Մարտի 1-ի սպանդի պատճառները դժվար թե հնարավոր լինի դիտարկել մի քանի օր տևած հանրահավքների համատեքստում, դրա պատճառները շատ ավելի խորն են և արդյունք են տասնամյակների տրամաբանական ընթացքի:

 


Այսինքն խնդիրն ավելի շատ կապված է անկախությունից ի վեր իշխող փոքրամասնության և մեծամասնության միջև ձևավորված փոխհարաբերությունների և համապատասխան մոտեցումների հետ:
Ոչ ստեղծագործ զանգվածի հետ երբևէ կամավոր դաշինք կնքած ստեղծագործ փոքրամասնությունն ընտրյալի իր ստեղծագործ ջանքով հանրությանը նկատելի օգուտներ տալով՝ որոշ ժամանակ օգտվում է նրա վստահությունից: Սակայն ստեղծագործ փոքրամասնությունը ժամանակի ընթացքում վատնելով ստեղծարար ավյունն ու արարիչ պոռթկումը՝ սպառում է՝ առաջնորդելու ընդունակությունն ու իրավունքը: Ստեղծագործ փոքրամասնությունը իհարկե Ղարաբաղ կոմիտեն էր, իսկ թե ինչ ուժերի հետ նրանք դաշինք կնքեցին դա արդեն բոլորին է հայտնի, արդյունքում կառավարման բարձրագույն օղակներում հայտնվեցին Ղարաբաղը ազատագրած և Բաքուն գրավել փորձող մաուզերիստները, որոնց արատավոր ներգործության արդյունքում ստեղծագործ փոքրամասնության մի մասը սերտաճեց վերջինների հետ, իսկ մյուս մասը աստիճանաբար փոշիացվեց և դուրս մղվեց քաղաքական արենայից: Այժմ արդեն գործ ունենք բոլորովին այլ որակներով փոքրամասնության հետ, որը զրկված էր ոգեշնչումից, բայց իշխանությունը պահել շարունակող այդ փոքրամասնությունն արդեն ընդունակ չէր կառավարել վստահության միջոցով, ուստի՝ գնում էր հանրային պայմանագիրը խախտելու ճանապարհով: Իշխանությունը զիջելու փոխարեն նա դիմում է ուժի: Այդ քաղաքականությունը հանգեցնում է իշխող փոքրամասնությունից մեծամասնության էլ ավելի օտարմանը: Այդպիսի իրավիճակը միշտ հղի է ապստամբության աղետով: Իսկ այս ամենի հանգուցալուծումը եղավ 2008 թվականը, իսկ թե ինչ եղավ հետո, դա արդեն բոլորովին այլ թեմա է:

 


Տեքստում մեջբերված են Առնոլդ Թոյնբիի Study of History աշխատությունից հատվածներ, որոնք վերաբերում են Արևմտյան Հռոմեական կայսրության անկման խնդիրներին, բայց ժամակագրական այսպիսի անհամապատասխանությունը ամենևին էլ չի ենթադրում, որ իրավիճակները որոշակի կետերում հնարավոր չէ համապատասխանեցնել:

 


Չէ՞ որ Հռոմը՝ քաղաքակրթության այդ բնօրրանը, կործանվեց հենց բարքերի անկման և օրենքների փոշիացման արդյունքում՝ չկարողանալով դիմադրել արտաքին մարտահրավերներին:
Իսկ թե ի՞նչպես է օրենքներ չճանաչող ու արժեքներ փոշիացնող Հայաստանը դիմակայելու արտաքին մարտահրավերներին, դա արդեն հայտնի է միայն Demiurge-ին:

 

Կարպիս Փաշոյան