Մեծ ուշադրությամբ կարդացի Հայաստանի Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան պարոն Թաթոյանի CV-ն։
Եկեք ողջունենք պարոն Թաթոյանին իր այս նոր պաշտոնի կապակցությամբ և հաջողություն ցանկանանք նրան այս դժվարին պաշտոնում։
Մոտս մի երկու փոքր հարցեր առաջացան որոնք չկարողացա մեջս պահել ու չբարձրաձայնել։
Պինգ-պոնգի գնդակի նման խեղճ մարդուն տեղից տեղ են տշել։ Միջինում մի պաշտոնում մի քանի ամսից ավել չի աշխատել։ Ամնողջ ժամանակը ըստ երևույթին պարոն Թաթոյանը ծախսել է աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցների, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից դուրս գալու դիմումները գրելու վրա։ Լավ է որ ժամանակը բավարարել է այդքան տեղեր աշխատանքի ընդունվելու ու դուրս գալու համար։
Լավ, բա այդքան տեղափոխությունների պայմաններում այս մարդը ե՞րբ է հասցրել աշխատել, մի քանի հատ մենագրություն գրել, ուսանել, դասախոսել։ Հա, արանքներում երևի մի քիչ էլ ժամանակ ծախսած կլինի քնելու վրա։

 


Մտահոգիչ CV էր այն իմաստով որ երևի նա Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում էլ մի քանի ամսից ավել չպիտի մնա որովհետև նա նման բան մինչ այս պաշտոնը արած չունի։ Հիմա էլ երևի նույն տեմպով կշարունակի թռվռալ պաշտոնից պաշտոն։ Դա գործելաոճ է, յուրահատուկ գործելաոճ։ Իսկ Հայաստանին մնայուն ու կայուն գործ անող պաշտոնյա էր անհրաժեշտ այս աշխատանքը կատարելու համար։
Մյուս հարցը հետևյալն է։ Արդյո՞ք Հայաստանում այդքան սուղ են երիտասարդ ու շնորհալի կադրերը որ պարոն Թաթոյանին պաշտոնից պաշտոն են տեղափոխել այսպիսի մեծ հաճախականությամբ։ Տպավորությունը այնպիսին է որ կարծես հրդեհ հանգցնող հրշեջ է ու հրդեհներն էլ կայծակի արագությամբ են ծագել և մարդը հա տեղից տեղ է վազել դրանք հանգցնելու համար։

 


Ինչ որ բան այս ամբողջի մեջ այն չէ։
Ինչը՝ չեմ կարող ասել, խելքս չբավականացրեց որ հասկանամ։ Այսպիսի աշխատանքային կենսագրություն չի լինում։
Մտահոգիչ փաստ է։ Եթե պետական պաշտոն չլիներ, աստված իր հետ։

 

Համլետ Աբրահամյան