Վերջին մի քանի ամիսը Երևանի տարբեր հատվածներում մշակութային, պատմական (միգուցե ավելի ճիշտ կլինի ասել «հին») տարբեր տիպի շինություններ հողին հավասարեցվեցին: Դրանց մի մասը պարզվեց «սառայ» է, մյուսների վերաբերյալ կարծեմ խոստումներ եղան «Հին Երևան» ծրագրում ներառելու մասով: Հասարակության մի ակտիվ շերտը ըմբոստացավ, սկսվեցին քննարկումներ, քննադատություններ, ակցիաներ... Դրանց ով ասես չմիացավ՝ սկսած ոլորտի պրոֆեսիոնալներից, մինչև ամեն տեղ կռիվ ման եկող «ակտիվիստներ»: Ահագին «շուխուր» ու «ղալմաղալ» եղավ, բայց մե՞ջն ինչ....

 


Տարբեր փուլերում Երևանի տարբեր հատվածներ քաղաքային (ոչ միայն) տարբեր իշխանություններ հողին են հավասարեցրել: Մի կողմից՝ հասկանալի է, որ քաղաքը պետք է փոփոխվի, մյուս կողմից՝ տեսանելի է, թե ինչքան անգրագետ ու ոչ պրոֆեսիանալ է դա արվում: Ու առհասարակ այս քաղաքը միգուցե մեզ համար միշտ ավելին է եղել, քան սովորական մայրաքաղաք ասածը, ու այդ պատճառով մեզանից երևի յուրաքանչյուրը իր հիշողությունների, ճաշակի, մշակութային պատկերացումների ու կենցաղի փիլիսոփայության զորու ունի իր պատկերացումները նրա ապագայի վերաբերյալ: Սակայն հիմա ունենք, էն ինչ ունենք:

 


Այսօր քաղաքը փոփոխվում է: Փոփոխվում է փոփոխողի արժեքային պատկերացուների ու կոնկրետ նյութական շահերի շրջանակներում: Հիմա էս մարդիկ (մասնավոր սեկտոր, տեղական ու պետական պաշտոնյա)՝ «քաղաք-քանդողներ»-ը գեղեցիկի ու նորաձևի իրենց պատկերացումների ներքո «ձևում» են Երևանը: Իրենց հասկանալի չեն այն փաստարկները, որ հակառակ կողմը ունի, երբեմն չեն էլ լսում: Քաղաքը, տարածքը «իմս ա», ես եմ որոշողը....:
Իրականում այս ամենը մեկ օրվա բան չէ, ու չի վերաբերվում միայն «քաղաք»-ի հիմնախնդրին: Երբ կրթություն ստացած, սակայն կիսագրագետ ուսանողը ավարտում է որևէ բուհ, ունի իր խելքին ու միջավայրին համապատասխան արժեհամակարգ, ընկալումներ, ունի իշխելու անհագ ամբիցիաներ, որ գալիս են թիկունքում հարցեր լուծել կարողացող ծնողից, հայտնվելով ցանկացած տեղ սկսում է գործել իր շահերին ու պատկերացումներին համապատասխան:

 


Առաջնորդվելով սեփական աշխարհընկալմամբ՝ նա, եթե կարողանում է պատասխանատու վայրում հայտնվել, իր ուղեղի ծալքերի զորու սկսում է որոշումներ կայացնել նաև շատերի փոխարեն: Իր փիլիսոփայությանը համապատասխան շենքերի նախագծեր է առաջարկում, օրենքների նախագծեր «մշակում», բիզնես վարում, հարցեր լուծում, ընտրությունների մասնակցում և հազար այլ բան: Նման մարդիկ շատ-շատ են:
Ամեն մակարդակում հարցեր լուծելու հնարավորությունը նման մարդկանց դարձնում է «հեղինակություն», դառնում են ազդեցիկ դեմքեր: Ու անգամ, եթե դուք կարծում եք, թե նրանք անճաշակ են, բռի, անտաշ կամ չգիտեմ ինչ, դրանից իրենց ազդեցիկությունը չի նվազում, իրենք ուժի կրող ու տեղերում հարց լուծող մարդիկ են, ու իրենք են որոշելու. թե ձեր/մեր ապրած քաղաքում ինչ կարգին օբյեկտներ ու հյուրանքցներ պետք լինեն, ճիշտ ու սխալը որն ա, գեղեցիկն ու տգեղը ինչ ա, նորմալն ու ոչ նորմալը որն ա: Իրենք իրական կյանքում դառնում են իշխանության կրող: Ինչու՞, քանի որ դիմացի կողմը շատ պասիվ է, պասիվ կյանքի կտրվածքով:
Կասեք նրանք բավարար կրթված ու գիտուն չե՞ն: Ինչու՞ կրթված լինելը հեղինակության կամ «հարց լուծելու» պարտադիր պայման է՞: Ավելին, եթե պետք է, կարելի է շատ արագ կազմակերպել մի երկու տարբեր մասնագիտություններից գիտությունների թեկնածուների կոչումներ ստանալ, ինչ խնդիր: Ի դեպ դա արդեն վաղուց բավական մոդայիկ է:

 


Իրականում մեզ մոտ ուժը «փողոցում» է, ո՛չ ԳԱ Ակադեմիայի, ԵՊՀ-ի կամ պետ.պաշտոնիաների գրասենյակներում, «մտավորականության» շարքերում, ո՛չ Աժ նիստերի դահլիճում, այլ մեր փողոցներում՝ նրա մշակույթով, ռեսուրսով, ճշտի/ճշմարիտի ու սխալի ընկալմամբ, վարքով ու աշխարհընկալմամբ: Ով կարողանում է վերահսկել «փողոցը» նա վերահսկում է քաղաքը, մարզը, երկիրը:
Կմտածեք, թե առկա վիճակը անընդունելի՞ է: Իսկ ուր էիք վերջին՝ առնվազն մի քանի տասնամյակու՞մ, կենցաղային ռոմանտիզմով էիք ապրում.. ..Իրականում առկա վիճակից չէ, որ պետք է վախենալ, այլ նրանից, որ այս տեսակին փոխարինելու են գալիս նրանց գաղափարական ու կենսաբանական «զավակները»՝ իրենց ավագների օրինակելի արժեքների կատարելագործված տեսակները:
Էնպես որ, երբ հանդիպում է «ուժեղ»-ի լիազորությունն ու «թույլ»-ի իրավունքը, հաղթում է առաջինը, մինչդեռ տուժում է պետությունը:

 

Ալեն Ղևոնդյան